կարևոր
1720 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-21 17:27

Մնացականյանը ներկայացրեց Մամեդյարովի հետ տեսակոնֆերանսում քննարկվելիք գերակա խնդիրը

Մնացականյանը ներկայացրեց Մամեդյարովի հետ տեսակոնֆերանսում քննարկվելիք գերակա խնդիրը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայանալիք տեսակոնֆերանսում քննարկվելիք գերակա խնդիրը։

«Երեկ եղել է տեսազրույց ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այսօր, հավանական է, կկայանա տեսակոնֆերանս Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների մասնակցությամբ։ Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի` երբ տարածաշրջանն ու աշխարհը կենտրոնացած է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շուրջ, զինադադարի պահպանումը, որևէ ռիսկերի բացառումն առավել քան գերակա խնդիր է։ Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ։ Մնացած հարցերը` հետո»,- ասաց Մնացականյանը։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 20-ին տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

«Կողմերն ընդգծեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը։ Կարծիքներ փոխանակվեցին ստեղծված պայմաններում աշխատանքների շարունակականության ապահովման քայլերի ուղղությամբ: Այս համատեքստում պայմանավորվածություն ձեռք է բերվել ապրիլի 21-ին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: