Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում մտցված սահմանափակումների ցանկացած հանում պետք է լինի փուլային տարբերակով: Եթե այդ սահմանափակումները հանվեն վաղ, ապա դա կարող է հանգեցնել վարակի նոր բռնկման:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի՝ Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի երկրների տարածաշրջանային տնօրեն Տակեշի Կասաին: Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ սահմանափակումների հանելը դիտարկող պետությունների կառավարությունները պետք է դա անեն շատ զգուշավոր, փուլային տարբերակով և շարունակել մշտադիտարկել համաճարակային իրավիճակը: Նա ընդգծել է՝ քանի դեռ կորոնավիրուսը տարածվում է, որևէ երկիր ապահովագրված չէ վարակից:
Կասաին նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները ցույց տվեցին իրենց արդյունավետությունը: Նրա խոսքով, մարդիկ պետք է պատրաստ լինեն նոր կենսակերպին:
«Ամեն դեպքում, մինչ պատվաստանյութի ստեղծումը կամ բուժման շատ արդյունավետ մեթոդ ունենալը, այս պրոցեսը պետք է մեզ համար նոր նորմ լինի»,-ասել է նա:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։