կարևոր
4590 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-21 01:26

Փաշինյանն իր վերջին լայվում խոսում էր անձամբ իր մասին․ Սաթիկ Սեյրանյան

Փաշինյանն իր վերջին լայվում խոսում էր անձամբ իր մասին․ Սաթիկ Սեյրանյան

Լրատվամիջոցների 99 տոկոսի եւ գործընկերների 70 տոկոսի՝ նախկին իշխանություններից  փող վերցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր վերջին լայվում խոսում էր անձամբ իր մասին։ Այս մասին hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

«Հարյուր տոկոսով ինքը խոսում է իր մասին, նաև այն մասին, թե ինչից է ինքը կատաղում, երբ է կատաղում, ինչն է պակասում, որ կատաղում է։ Ինքը խոսում է իր լրատվամիջոցի վարքի, պահվածքի մասին։ Մենք հիշում ենք դեպքերով, փաստերով, թե ինչպես է իր լրատվամիջոցը գործունեություն ծավալել։ Ես հիշում եմ՝ ինչպես էր խոսում մաքսային աշխատակցի հետ, գյուղացի երիտասարդի հետ, պատգամավորի ու գիտնականի մասին։ Արդեն ոչ միայն հետաքրքիր չէ, նաև հոգնեցնող է։ Իր գործընկերներն հաստատ շատ ավելի բարոյական են, որ իրեն հիշեցնեն իր հետ կապված դրվագները, նրա հույսը դա էր, որ չեն հիշեցնի մեքենայի այրելու հետ կապված, տուն ձեռք բերելու հետ կապված, տան կահույքի ձեռքբերման հետ կապված դրվագները։ Բազմաթիվ դրվագներ կան, բոլորս հիշում ենք, անեկդոտներ կային շրջող։ Նա իրավունք չունի, ուզում է՝ վարչապետ լինի, ինչ ուզում է լինի, իրավունք չունի նման լեքսիկոնով, նման տոնայնությամբ բաներ ասի։ Եթե իր հիշողությունը կարճ է, ապա մեր հիշողությունը տեղն է։ Դա բարդույթավորված մարդու ոճ էր․ ուզում էր ուժեղ մարդ երեւակայել, էլ չեմ խոսում շանտաժի մասին, թե ինչպես է իր լրատվամիջոցը շանտաժի դիմել իր նպատակներին հասնելու համար»,- ասել է Սաթիկ Սեյրանյանը՝ հավելելով, որ արդեն նույնիսկ անիմաստ է համարում հայտարարություն տարածել։

Սաթիկ Սեյրանյանը բարեբախտություն է համարում, որ իր աշխատանքային կենսագրության ընթացքում Փաշինյանի հետ չի աշխատել։

«Իր արած-չարածներին համամիտ չլինելով նրա համար ակցիաներ էինք անում, թավշյա հեղափոխություն կամ իշխանափոխություն, որ անում էին անում, մենք էլ լուսաբանում էինք, այն ժամանակ լավն էի՞նք։ Իր մեղքով, իր աշխատակազմի, իր խոսնակի սխալի պատճառով Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների մի մեծ խումբ դուրս է գալիս աշխատանքից։ Ինչո՞ւ պետք է այդ մարդիկ, Փաշինյանի թիմի դիլետանտության պատճառով, հայտնվեն փողոցում», հարցրել է Սաթիկ Սեյրանյանը։

Ժուռնալիստների միության նախագահն ասել է նաեւ, որ ամենայն լրջությամբ համարում է, որ վարչապետ Փաշինյանը վախենում է մնալ աշխատասենյակում եւ աշխատել։

«Երկիրը համավիրակի այս վիճակում, երբ ամբողջ ինստիտուտներ են խառնվել, կառավարման համակարգը ճգնաժամի մեջ է, վախենում ենք ենթադրել՝ ինչպիսին կլինի երկրի սոցիալական ու տնտեսական վիճակն ինչպիսի վիճակում կլինի, անընդհատ լայվ մտնել ու դատարկաբանություններ անել, ես չեմ պատկերացնում։ Նույնիսկ կառավարության նիստերին այնպիսի տպավորություն է, թե նոր է ծանոթանում նյութին։ Ես չեմ տեսնում այդ մարդուն աշխատելիս։ Ես չեմ հասկանում՝ նման խնդիրներով երկրի վարչապետը նման ծանծաղ  ելույթնե՞ր ունենալ․․․ Չեմ հասկանում»։