կարևոր
682 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-20 20:49

«Հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ կարևորում ենք գյուղատնտեսության ոլորտը». վարչապետ

«Հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ կարևորում ենք գյուղատնտեսության ոլորտը». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացրել է կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվության ծառայությունից։

Քննարկման թեման գյուղատնտեսության աջակցությանը միտված ընթացիկ ծրագրերն էին եւ ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարները։ Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի, գիտական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ։

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի գործընկերներ, այս ձեւաչափով մենք ավանդաբար քննարկում ենք մեր հակաճգնաժամային միջոցառումները, եւ քանի որ հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ կարեւորում ենք գյուղատնտեսության ոլորտը, որոշեցինք հանդիպել նաեւ ոլորտի հետ անմիջական առնչություն ունեցող գործընկերների հետ եւ հասկանալ, թե ինչ անելիքներ եւ օպերատիվ լուծման խնդիրներ ունենք՝ երկարաժամկետ, միջնաժամկետ եւ կարճաժամկետ կտրվածքով։ Փորձենք այսօր պայմանավորվածություններ ձեռք բերել եւ որոշումներ կայացնել մեր առաջիկա անելիքների վերաբերյալ»:

Վարչապետը խոսքը փոխանցել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ով անդրադարձել է գյուղատնտեսության խթանման նպատակով իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակին եւ ոլորտի ընդհանուր վարկային պորտֆելին: Ապա նախարարը ներկայացրել է որոշակի ճյուղերի զարգացման նպատակով մշակված առաջարկները, որոնք ներառում էին անասնապահության, այգեգործության, տնկարանային տնտեսության, տոհմային անասնաբուծության եւ այլ ուղղություններով ծրագրերի, կիրառվող գործիքակազմի շրջանակի ընդլայնման, օժանդակության ծավալի, վարկային ռեսուրսների ավելացման գաղափարներ եւ այլն։

Ապա ներկայացվել է կառավարության հաստատած 3-րդ միջոցառման շրջանակում վարկավորման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն. ստացվել է մոտ 7000 hայտ, որոնց մեծ մասը գալիս է առցանց համակարգով եւ հիմնականում վերաբերում է գյուղացիական տնտեսությունների միկրովարկերին՝ մինչեւ 1 մլն դրամ։ 1 շաբաթ է՝ վարկերն ակտիվ տրամադրվում են, հեռավար տարբերակով, սքորինգային համակարգով։ Մշտադիտարկման համաձայն՝ կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ գյուղվարկերի նկատմամբ պահանջարկը, հետաքրքրությունը մեծացել են, եւ կանխատեսվում է, որ 2019 թ. համեմատ՝ այս տարի վարկավորման ծավալն աճելու է։

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են մշակված առաջարկները եւ ընդհանրապես ստեղծված իրավիճակում գյուղոլորտի զարգացման ուղղությամբ քայլերը: Արծարծվել են գյուղվարկերի արդյունավետությանը, գյուղատնտեսական կարիքների համար դրանց նպատակային օգտագործմանը, վարկային ռեսուրսների ծավալի ավելացմանը, ինչպես նաեւ դրանց շղթայական ազդեցությանը՝ արտադրողականության աճին, ֆերմերային տնտեսությունների խթանմանը վերաբերող եւ այլ հարցեր։ Գյուղատնտեսության ոլորտի երկարաժամկետ զարգացման եւ արդյունավետության բարձրացման համատեքստում անդրադարձ է եղել նաեւ գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը։ Վերոնշյալ թեմաների առնչությամբ ներկայացվել են մի շարք առաջարկներ եւ դիտարկումներ:

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաեւ գյուղատնտեսական տարվա կանխատեսման աշխատանքներին։ Վարչապետին զեկուցվել է պարարտանյութի, ջրի, դիզվառելիքի պահանջարկի, առկա ծավալների, գնագոյացման գործընթացների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն, նշվել է, որ ներմուծվող պարարտանյութի դեֆիցիտ չկա, անհրաժեշտ պահանջարկը բավարարելու համար առկա է բավարար խմբաքանակ։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուշադրության կենտրոնում պահել գյուղատնտեսական տարվա նախապատրաստման հետ կապված աշխատանքները եւ հետեւել դրանց պատշաճ իրականացմանը:

Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկման համար եւ նշել, որ կառավարությունը կուսումնասիրի եւ կքննարկի ներկայացված առաջարկներն ու դիտարկումները: Անդրադառնալով գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը գտնվում է կառավարության՝ ոլորտի զարգացման օրակարգի առաջնահերթությունների շարքում, եւ առաջարկել է ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ՝ այս ուղղությամբ անելիքները քննարկելու համար։