կարևոր
1556 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-20 21:02

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հիասթափվածների շրջանակը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հիասթափվածների շրջանակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն անձանց շրջանակը, որոնք հիասթափություն են ապրել 2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո։ Այս մասին նա հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում։

«Հիմա Հայաստանում տեղի է ունենում «մեծ հիասթափություն»։ Ուզում եմ խոսենք մեր հանրության այն շերտերի մասին, որոնք հետհեղափոխական այս շրջանում շատ կոնկրետ պատճառ ունեն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այդ «մեծ հիասթափության» շրջանակում են նախորդ իշխանության ներկայացուցիչները, արևմտամետները, քաղաքական ուժերը, իշխանության մեջ եղած և իշխանությանը մոտ կանգնած երիտասարդները, ռուսամետները, օլիգարխիան կամ նախկին օլիգարխները, հուսալի ֆինանսավորման աղբյուրից զրկված լրատվամիջոցները, հոգևորականությունը, սփյուռքի որոշ կառույցներ, նյութական ակնկալիքով հեղափոխությանը մասնակցած մարդիկ, ընկերներն ու բարեկամները։

«Արևմտամետները պետք է հիասթափվեին, որովհետև Հայաստանում արևմտամետ ուժեր չեն եկել իշխանության։ Ռուսամետները պետք է հիասթափվեին, որովհետև իշխանության ներկայացուցիչներն իրենց իշխանությունը նրանց հետ չէին կիսելու։ Պետք է հիասթափություն ապրեր օլիգարխիան կամ նախկին օլիգարխիան, որը զրկվել է շատ արտոնություններից։ Լրատվամիջոցները, որոնք զրկվել են հուսալի ֆինանսավորման աղբյուրներից։ Հոգևորականությունը, որովհետև, ինչքան ՀՀ-ում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այդքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հեղափոխության հաջողության ապացույցն է այս հիասթափությունը։