«Յուքոմ» ընկերության հիմնադիր Հայկ Եսայանը հայտարարությամբ է հանդես եկել, որով հայտնել է, որ դադարեցնում է զբաղվել «Յոքում»-ի աշխատանքներով՝ նպատակ ունենալով նոր ընկերություն ստեղծել։
«Ես այս պահից սկսած դադարեցնում եմ «Յուքոմ»-ով զբաղվել։ Իմ քայլերը գիտակցված են։ Ես գիտեմ իմ քայլերի հաջորդականությունը և վստահ եմ՝ այն թիմը, որը ստեղծել է «Յուքոմ»-ը, մի նոր «Յուքոմ» էլ կստեղծի, որը կլինի ավելի լավը։ Ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Անունը չի լինի «Յուքոմ» կլինի «Յունեթ», ինչպես պլանավորել էինք անվանել ընկերությունը»,-նշել է Հայկ Եսայանը։
Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ «Ucom» ընկերության շուրջ 800 աշխատակից աշխատանքից դուրս գալու դիմում է գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և մոտ 6 տոկոսի բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում: Ապրիլի 15-ին, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստի ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Խաչատրյանը: Սակայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հայտարարել էր, որ «Ucom» ընկերության նոր գլխավոր տնօրենի պետական գրանցումը հետաձգվում է 20 օրով: