կարևոր
1876 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-20 17:08

Բանկերի մոտ հսկողությունը խստացվել է, քանի որ բնակիչները սկսել են օգտվել կառավարության ծրագրերից

Բանկերի մոտ հսկողությունը խստացվել է, քանի որ բնակիչները սկսել են օգտվել կառավարության ծրագրերից

ՀՀ-ում նույնպես ոստիկանությունը չէր կարող կանխատեսել, որ կորոնավիրուսի համաճարակ կարող էր լինել, և այդ պայմաններում ոստիկանության ուժերն ու միջոցները մնացել են նույնը։ Այս մասին հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Երևանի փողոցներում մարդկանց թվի զգալի աճը, դրան զուգահեռ ոստիկանների թվի պակասը, ի՞նչ է անում ոստիկանությունը, նա արձանագրեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ-ում ոստիկանությունը չէր կարող կանխատեսել, որ կորոնավիրուսի համաճարակ կարող էր լինել և այդ պայմաններում ոստիկանության ուժերն ու միջոցները մնացել են նույնը, և ոստիկանությունը, բացի  իր բուն գործառույթներն ու խնդիրները կատարելուց այժմ կատարում է նաև հսկայածավալ աշխատանք՝ կապված պարետի բոլոր ցուցումների հետ:

«Այո, մեր քաղաքացիների թվաքանակը մայրաքաղաքում ավելացել է, դա պայմանավորված է նրանով, որ պարետի որոշումներով որոշակի տնտեսվարող սուբյեկտների գործունեության ծավալը մեծացել է, և բնականաբար, քաղաքացիները պետք է հաճախեն աշխատանքի: Տարվող աշխատանքները նույնն են, ոստիկանությունը փորձում է աչալուրջ իրականացնել իր խնդիրները»,- ասաց նա:

Հարցին՝ արտակարգ դրության պայմաններում աշխատող ոստիկանները հավելավճար ստանալո՞ւ են, Մհրյանը նշեց, որ ոստիկանության ծառայակիցներն արդեն ստացել են հավելավճար:

Ինչ վերաբերում է բանկերի մոտ խստացված հսկողությանը, Մհրյանը նշեց, որ բանկերում շարժը որոշակիորեն մեծացել է՝ կապված կառավարության որոշումների հետ. «Այսինքն՝ քաղաքացիները ֆինանսական օգնություն ստանալու իրավունք են ստացել, դա հաշվի առնելով, ոստիկանության պետի հանձնարարությամբ մենք մեր ուշադրությունն ավելի շատ ուղղորդել ենք բանկերի և ընդհանրապես այն վայրերի նկատմամբ, որտեղ քաղաքացիների կուտակումները կարող են մեծ լինել»,- ասաց նա: