Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու համար ապրիլի 20-ից արդեն կարող են դիմել նաև ցամաքային տրանսպորտի, նախադպրոցական կրթության, սպորտի բնագավառի, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնողների վարձու աշխատողները: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
«Այս պահի դրությամբ 8-րդ ծրագրով մենք 78 հազար 783 քաղաքացու տրամադրել ենք աջակցություն՝ 5 մլրդ 456 մլն դրամի չափով: Այսօր առավոտվանից ծրագրում ավելացրել ենք նոր տուժած ոլորտների ցանկերը՝ ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունը, նախադպրոցական կրթությունը, սպորտի բնագավառում կրթությունը, սպորտի բնագավառում գործունեությունը և զվարճությունների ու հանգստի կազմակերպման այլ գործունեությունները: Նշված 4 ոլորտների ևս 8000 տնտեսավարող սուբյեկտների ցանկն ավելացվել է ցուցակում, նրանք ևս կարող են այսօրվանից՝ ապրիլի 20-ից դիմել և ստանալ աջակցություն»,-ասել է Սարգսյանը:
Նա կոչ է արել այդ ոլորտի աշխատողներին, որոնք նախկինում դիմել են և մերժվել, ապրիլի 20-ից կրկին փորձեն:
Հաստատված 8-րդ ծրագրով նախատեսվում է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Սկզբում կառավարությունը հաստատել էր հետևյալ ոլորտները՝ հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ, մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպող: Սակայն հետո 8-րդ միջոցառման տուժած ոլորտների ցանկում ավելացվեցին ցամաքային տրանսպորտի (երթուղային տրանսպորտ), նախադպրոցական կրթության (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում (սպորտային ակումբներ, լողավազաններ) և զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնողները։