կարևոր
2414 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-19 18:18

«Սրանք չեն պատկերացնում, իսկ գուցե հենց մտածված են թուլացնում ազգային դիմադրողականությունը». Լիլիթ Գալստյան

«Սրանք չեն պատկերացնում, իսկ գուցե հենց մտածված են թուլացնում ազգային դիմադրողականությունը». Լիլիթ Գալստյան

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ 168․am-ը զրուցել է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ու դրանց պատճառների ու նպատակների մասին:

– Երկար տարիներ եղել եք Ազգային ժողովի պատգամավոր: Ձեր` պատգամավոր եղած տարիներին մտաբերո՞ւմ եք որևէ պատգամավորի, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին կարող էր արտահայտվել կամ արտահայտվել է նույնքան քամահրանքով, որքան որ դա արեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

– Իհարկե՝ ոչ: Նույնիսկ այն պարագայում, որ Խորհրդարանում կային մարդիկ, ովքեր քաղաքական կամ օրենսդիր գործունեությունից մղոններով հեռու էին, այնուամենայնիվ, իրենց պատկերացումներում և համոզումներում Հայաստանյաց Առաքելական եկեղեցին բացառիկ արժեք էր, իսկ նրա Հայրապետի նկատմամբ որևէ ոտնձգություն գիտակցվում էր որպես անարգանք մեր հավատի և ինքնության նկատմամբ: Սա հավաքական, ազգային վերաբերմունք է, արժեք, անքննելի իրողություն յուրաքանչյուր հայի համար:

Ցավալին և անթույլատրելին էլ հենց դա է, որ նման վարքագիծ դրսևորվում է բարձր պաշտոնյայի կողմից: Սա քաղաքական, բարոյական, ազգային ու պետական մտածողության հատակն է, անգամ՝ բացակայությունը:

– Ո՞րն է իշխանությունների նպատակը, ինչո՞ւ է արդեն որերորդ անգամ թիրախավորվում հայոց եկեղեցին, ի դեմս Վեհափառի:

– Նույնիսկ սարսափում ես բարձրաձայն մտածել: Մեր ազգային ինստիտուտների դեմ այս աննահանջ ու ցինիկ հարձակումը, կասեի՝ հերձվածողների հարձակումը առաջին օրից է սկսվել: Թիրախում են այն բոլոր ազգային ինստիտուտները, որոնք ազգային, պետական կարևորագույն հենարաններ են՝ ընտանիք, եկեղեցի, ազգային մշակույթ, բանակ: Դժվար չի տեսնել այն քաղաքական տեխնոլոգիաները, որոնցով թիրախավորում, նսեմացնում, ոչնչացնում են մեր ինքնությունը ամրապնդող արժեքները: Վեհափառն ու եկեղեցին այս շարքում են… Կոտրում եմ մեր ազգային-հավաքական դիմադրողականությունը, այն ընդհանրական արժեքները, որոնք միացնում են մեզ իբրև հավաքականություն: Մտածենք՝ ո՞ւմ է սա ծառայում: Մի՞թե սա մեր կորուստների ճանապարհը չէ՞… Զգացողություն ունեմ, թե տանս մեջ օտար է մտել:

Նրանց հիվանդագին երևակայությունն այնքան է սրվել, որ Վեհափառի նոր ընտրություններից են խոսում: Այսպես` պատմության մեջ իրենց պահել են մեր հակառակորդները՝ Տիզբոնից մարզպան բերելով:

– Հայ Հեղափոխական դաշնակցությունը միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել եկեղեցու նկատմամբ: Դաշնակցական դրսի կառույցների արձագանքն ինչպիսի՞ն է ստեղծված իրավիճակին:

– Այո, և բնական է, պետականություն, բանակ, հավատ. սրանք դաշնակցության համար անբաժանելի արժեքներ են: Հայաստանի Գերագույն մարմինը քաղաքական հայտարարություն տարածեց այս առիթով` տվյալ վարքագիծը համարելով թշնամական հարված մեր պետականությանը: Դրսի կառույցները ներկայացնող շատ գործիչներ գնահատականներ հնչեցրին՝ իրողությունը դիտելով որպես երկիրն ու ազգը տկարացնող քայլ:

– Անթիլիասը ինչո՞ւ որևէ կերպ չի արձագանքում կաթողիկոսի շուրջը տեղի ունեցողին:

– Կդժվարանամ Անթիլիասի անունից ինչ-որ բան ասել: Գուցե գնահատականն առջևում է, բայց այսօր արդեն երկու թեմերից բավական ծանր գնահատականներ են հնչել: Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ու Կանադահայոց Թեմի Հոգևորականաց Դասը հրապարակային բավական ծանր գնահատականներ են հնչեցրել:

– Համարո՞ւմ եք, որ Գարեգին 2-րդը միջամտում է քաղաքականությանը կամ զբաղվում է քաղաքականությամբ:

– Իհարկե, ոչ: Ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը: Նույնիսկ այս պիտակավորմամբ են մոլորեցնում հասարակությանը: Վեհափառը հենց այդպես պիտի խոսի իր Հայրապետական դիրքերից: Նա շատ հստակ ձևակերպել է՝ ՉՄԵՐԺԵԼՈՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ, հորդորել և խնդրել է գթասրտություն դրսևորել: Մի՞թե սա չի տեղավորվում քրիստոնեական և քաղաքակրթական վարքականոնի մեջ: Այս օրերին մարդասիրական լրացուցիչ ճիգի, բարեսիրության և գթասրտության կոչեր են հնչեցնում միջազգային մի շարք կազմակերպություններ՝ ներառյալ ԵՄ խոշտանգումներին դեմ հանձնաժողովը:

– Ինչո՞ւ իշխանություններն այդքան սուր արձագանքեցին կաթողիկոսի կոչին: Չէ՞ որ, ըստ էության, Վեհափառի խոսքը դատական իշխանությանն էր ուղղված, ինչո՞ւ գործադիրն ու օրենսդիրը դա այդքան ցավոտ տարան:

– Ցավոք սրտի, քաղաքական իշխանությունը տառապում է ամբարտավան մեծամտությամբ և անսխալականության բարդույթով: Քաղաքական և պետական մշակույթի ժառանգականություն չկա նրանց մեջ: Առհասարակ ցավոտ են տանում այն ամենն, ինչ չի տեղավորվում իրենց պատկերացումների, և դիմում են պիտակավորման և հրեշայնացման զինանոցին: Ըստ էության, սա նաև հոգեբանական ահաբեկչության ձև է, դատական իշխանությանը լրացուցիչ կաշկանդելու և ուղղորդելու գործիքակազմից:

– Ինչո՞վ կավարտվի այս փոխհրաձգությունը: Կկարողանա՞ արդյո՞ք եկեղեցին դիմագրավել այս ճնշմանը:

– Մեր եկեղեցին իր հազարյոթհարյուրամյա պատմության մեջ հերձվածողներ շատ է տեսել: Վստահ եմ՝ հավատավոր ժողովրդի հետ սա էլ կհաղթահարի, բայց կմնան վերքերն ու վիրավորանքը: «Հպարտ ու նոր» Հայաստանի այսպիսի դեմքը դժվար էր երևակայել… Սրանք չեն պատկերացնում, իսկ գուցե հենց մտածված են թուլացնում ազգային դիմադրողականությունը, դժվար հաղթահարելի դարձնում առաջիկա մարտահրավերները…