կարևոր
2907 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-19 14:12

Մահացել է Արդարադատության նախկին նախարար Մարատ Ալեքսանյանը

ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում է գրել է․

«Խորին ցավով ընդունեցի արդարադատության նախկին նախարար Մարատ Ալեքսանյանի անժամանակ մահվան լուրը։ Ճանաչել եմ դեռ դատախազության համակարգից՝ 90-ականների սկզբներին Աբովյանի շրջանի դատախազի օգնականն էր։ Լինելով Հանրապետության դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետը, հաճախ էի հանդիպում, քանզի ինքն էլ բռնագաղթվածների գծով շրջանի պատասխանատուն էր։ Շատերիս համար անսպասելի, այդ պաշտոնից անմիջապես նշանակվեց արդարադատության նախարար, բայց շնորհիվ համեստության և մարդկանց լսելու ունակության, կարողացավ ընդունվել նաև այդ կարգավիճակում։ Իմ նախարար աշխատած տարիներին ԴԱՀԿ ծառայության պետի խորհրդականն էր և երբևէ չէր տրտնջում կտրուկ պաշտոնանկության առնչությամբ, արժանապատվորեն ծառայում էր։ Ընդ որում, իրեն աշխատանքի էր հրավիրել Դավիթ Հարությունյանը. վերջինս մի օր ինձ ասաց, որ չէր կարող համակերպվել այն իրողության հետ, որ իր նախկին գործընկերը, ունենալով փորձ ու որոշակի վաստակ, պարզապես պետք է ճակատագրի քմահաճույքով մեկուսացված մնար համակարգից։

Շատ եմ ափսոսում այս տեսակի մարդկանց համար, նրանք գուցե «աստղեր վայր չեն բերում», սակայն պարկեշտության ու բարեվարքության իրական կերպարներ են, մեծահոգի են, երբեք ի ցույց չեն դնում իրենց դիրքն ու կարողությունները։ Աստված հոգին լույսի մեջ պահի...»,-գրել է Դանիելյանը