կարևոր
2583 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-18 22:51

Չինաստանի Ուհան քաղաքը, որտեղ բռնկվել է կորոնավիրուսային վարակը, ճանաչվել է ցածր ռիսկի գոտի

Չինաստանի Ուհան քաղաքը, որտեղ բռնկվել է կորոնավիրուսային վարակը, ճանաչվել է ցածր ռիսկի գոտի

Չինաստանի Ուհան քաղաքը, որը դարձել է կորոնավիրուսային վարակի տարածման օջախ, շաբաթ օրը հայտարարվել է ցածր ռիսկի շրջան, այսպիսով Հուբեյի տարածաշրջանում այլեւս չկան բարձր եւ միջին ռիսկային քաղաքներ եւ շրջաններ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով նահանգի COVID-19-ի կանխարգելման եւ վերահսկման շտաբի տարածած հայտարարությանը:

Նշվում է, որ շաբաթ օրվա դրությամբ նահանգում ռիսկի ցածր մակարդակ ունեն 76 քաղաք եւ գավառներ, միջին եւ բարձր մակարդակներ չեն գրանցվել: Ընդ որում, Ուհանի բոլոր 13 շրջանները նույնպես ճանաչվել են ռիսկի ցածր մակարդակ ունեցող գոտիներ։

Ավելի վաղ Հուբեյի իշխանությունները քաղաքների եւ շրջանների դասակարգում էին սահմանել՝ համաճարակային ռիսկի մակարդակին համապատասխան: Այսպես, ցածր ռիսկի գոտիներ են համարվում նրանք, որտեղ ընդհանրապես կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն հայտնաբերվել կամ 14 օր անընդմեջ նոր դեպքեր չեն արձանագրվել։

Ռիսկի միջին մակարդակ ունեցող գոտիներ են համարվում այն գոտիները, որտեղ վերջին 14 օրվա ընթացքում հաստատվել են դեպքերը, սակայն դրանց ընդհանուր թիվը երկու շաբաթվա ընթացքում չի գերազանցել 50-ը, կամ եթե հայտնաբերվել է ավելի քան 50 դեպք 14 օրվա ընթացքում, սակայն չի արձանագրվել խմբային եւ զանգվածային վարակներ: Իսկ եթե 14 օրում գրանցվել է 50-ից ավելի դեպք, այդ թվում՝ խմբային վարակներ, նման գավառներ, քաղաքներ եւ շրջաններ համարվում են ռիսկի բարձր աստիճան ունեցող գոտիներ։

Համաճարակի ընթացքում քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 50 հազար 333 դեպք, 3 հազար 869 մարդ մահացել է: