Արարատի մարզի Տափերական համայնքում կատարված 43-ամյա տղամարդու սպանության համար 25-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են Տափերական համայնքում 43-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի 25-ամյա բնակչին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկից «ձախ ազդրի վերին երրորդականի, ձախ սրունքի վերին երրորդականի հրազենային վերք» ախտորոշմամբ շտապօգնության խմբի կողմից «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ էր տեղափոխել 43-ամյա տղամարդը, որը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել էր:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 43-ամյա տղամարդը նշված մարմնական վնասվածքը ստացել է Տափերական համայնքի մշակույթի տան դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ՝ Արարատի մարզի 25-ամյա բնակչի կողմից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով նախատեսված արարքներ առերեւույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է: