Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում իրենց գործունեությունը դադարեցրել են նաև արտաքին գովազդային ընկերությունները։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ իրավիճակից ելնելով՝ գովազդ տեղադրող պատվիրատու ընկերությունների գերակշիռ մասը դադարեցրել են իրենց պայմանագրերը և չեղարկել պատվերները, որի պատճառով ոլորտի բոլոր ընկերությունները կանգնել են ֆինանսական մեծ խնդիրների առջև՝ կապված աշխատավարձերի վճարման և հարկերի հետ:
«Խնդրի առնչությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը դիմել է ՀՀ կառավարություն՝ համապատասխան միջոցառումեր ձեռնարկելու առաջարկով։
Նամակում մասնավորապես նշվում է, որ առկա արտակարգ իրավիճակում ընկերությունները հնարավորություն չունեն ապամոնտաժելու արդեն իսկ եղած գովազդները, սակայն դրանց համար տեղական ինքնակառավարման և ավտոմոբիլային ճանապարհների մասով լիազոր մարմինները շարունակում են հաշվարկել գովազդի տեղական տուրք և ճանապարհային հարկ:
Ոլորտի ընկերություններին աջակցելու նպատակով ՀԱԳՄ-ն առաջարկել է դիտարկել ապրիլի 1-ից մինչև արտակարգ դրության ավարտը գովազդային տուրքերի և ճանապարհային հարկի վճարները զրոյացնելու հնարավորությունը, հակառակ դեպքում ընկերությունների մեծ մասը կկանգնեն ֆինանսական լուրջ խնդիրների առջև, ընդհուպ մինչև սնանկացում:
Նշվում է, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, տնտեսավարողներին աջակցելու նպատակով չեղարկել են գովազդային տուրքերը»,- ասված է հաղորդագրության մեջ: