կարևոր
2440 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 16:49

Փաշինյանը պահանջել է արգելափակել դատարանները, երբ 2019թ.-ի մայիսին դատարանը Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակեց. Amnesty International

Փաշինյանը պահանջել է արգելափակել դատարանները, երբ 2019թ.-ի մայիսին դատարանը Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակեց. Amnesty International

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «2019 թվականին Մարդու իրավունքներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցը:

Հայաստանի մասով զեկույցում նշվում է, որ դատական իշխանությունների վրա գործադիրի հնարավոր ճնշման անհանգստության պայմաններում, տեղի են ունեցել իրենց լիազորությունների չարաշահման համար կասկածվող նախկին իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ և քրեական հետապնդումներ:

Ըստ զեկույցի՝ 2019 թվականի հունիսի 25-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են երրորդ անգամ՝ կապված «սահմանադրական կարգը տապալելու» և կաշառք ստանալու վերաբերյալ 2018 թվականին նրան առաջադրած մեղադրանքների հետ:

Ըստ դատախազության վարկածի՝ նախկին նախագահը պատասխանատու է 2008թ.-ի մարտ ամսվա բողոքի ցույցերը բռնությամբ ցրելու համար, որի ժամանակ զոհվել էր 10 մարդ:

Ռոբերտ Քոչարյանը չի ընդունել մեղադրանքները՝ դրանք համարելով չհիմնավորված և քաղաքական դրդապատճառներ ունեցող: Նա մեղադրել էր կառավարությանը դատական համակարգի վրա ոչ իրավական ճնշման համար: Երբ 2019 թվականի մայիսին դատարանը Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ էր արձակել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել էր դատական համակարգի համապարփակ բարեփոխում, հրապարակավ քննադատել էր դատավորներին՝ ազատ արձակելու այդ որոշման համար, և հորդորել իր աջակիցներին արգելափակել դատարանների շենքերը: