կարևոր
1806 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-17 16:36

Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանք չի կիրառվի

Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանք չի կիրառվի

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանք չի կիրառվի։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը»,-նշել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապացույցներ կեղծելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: 

Այս տարիների ընթացքում դատախազությունը մի քանի անգամ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է:

Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդում է, որ հետախուզումն անօրինական է։

2020 թվականի մարտի 15-ին Վահագն Հարությունյանը Ռուսաստանում ձերբակալվել էր և տեղափոխել են Տվերի շրջանի դատախազություն՝ արտահանձնման գործընթացը ստուգելու համար, իսկ արդեն մարտի 16-ին ազատ էր արձակվել՝ նրան մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: