կարևոր
1751 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 15:53

Շիրակի մարզի բնակիչը կալանավորվել է` ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Շիրակի մարզի բնակիչը կալանավորվել է` ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները, Շիրակի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան՝ կտրած-ծակած վերքերով, տեղափոխվել էին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչները՝ երկու եղբայր, «Միտսուբիշի» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գ. Նժդեհ փողոցից երթևեկելով, մուտք են գործել «Հայուհու» հրապարակ, որտեղ վարորդի և ուղևորի անվտանգության գոտիներն ամրակապված չլինելու հանգամանքով պայմանավորված, իրավախախտումն արձանագրելու նպատակով, հիշյալ ավտոմեքենան ոստիկանի կողմից կանգնեցվել է:    Ոստիկաններն օրենքով սահմանված կարգով վարորդին պարզաբանել են, որ նա երթևեկել է առանց ամրագոտիներն ամրակապելու՝ պահանջելով ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը: Սակայն նշված ավտոմեքենայի ուղևորն սկսել է հայհոյել ոստիկաններին, դուրս է եկել ավտոմեքենայից, ձեռքին եղած դանակով հարվածներ հասցրել ոստիկանության երկու ծառայողներին և սկսել դանակը թափահարել ներկա մյուս ոստիկանների ուղղությամբ, որից հետո վարորդի հետ փորձել են փախուստի դիմել, սակայն բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված ավտոմեքենայի ուղևորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է: