կարևոր
1513 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 15:22

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համալիր հարկային ստուգումներն ավելի նպատակային դարձնող օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համալիր հարկային ստուգումներն ավելի նպատակային դարձնող օրինագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որը նպատակ ունի համալիր հարկային ստուգումները դարձնել էլ ավելի նպատակային: ՀՀ քրեական դատավարության օրենսրգքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 108 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներ: 

 Ներկայացվող նախագծով առաջարկվում է ավելի հիմնավոր և նպատակային պայմաններ ստեղծել համալիր հարկային ստուգումների իրականացման բոլոր այն դեպքերի վերաբերյալ, որոնք նշանակվում են հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումներով: Ըստ Հարկային օրենսգրքի կարգավորումների՝ ի թիվս այլ հանգամանքների նախատեսված  են նաև հետաքննության մարմնի և քննիչի որոշումների հիման վրա հարկային ստուգումների իրականացման դեպքեր: Ըստ առկա կարգավորումների՝ քննիչի կողմից և հետաքննության մարմնի կողմից կայացված որոշումները ենթակա են պարտադիր կատարման և ըստ Հարկային օրենսգրքի 337 և 338 հոդվածների՝ դրանք պետք է լինեն պատճառաբանված: Սակայն օրենսդրական որևէ կարգավորում չկա պատճառաբանվածության չափանիշների վերաբերյալ: Եվ ըստ էության կայացված նմանատիպ բոլոր որոշումները ենթակա են պարտադիր կատարման: Եվ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ նման որոշումները բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված չեն լինում: 

Նախագծով տրվել է հետևյալ ձևակերպումը՝ հետաքննության մարմինը և քննիչը որոշում են ընդունում՝ կատարել ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (կամ հանգամանք) կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Որպես զսպող մեխանիզմ, նախատեսվել է նաև տվյալ որոշման օրինականության ստուգման համար պարտադիր պայման՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: