կարևոր
973 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-17 15:18

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Լազարյանին ՌԴ հանձնելու միջնորդության քննարկումը հետաձգվել է

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Լազարյանին ՌԴ հանձնելու միջնորդության քննարկումը հետաձգվել է

Ռուսաստանի Դաշնության Ռայչիխինսկում 2011 թվականին ադրբեջանցու սպանության համար մեղադրվող Միսաք Լազարյանին ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող այլ քրեական գործով վերջնական որոշում կայացվելը։  Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն ասել է, որ Միսաք Լազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց էքստրադիցիոն կալանքը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի որոշմամբ:

«Նախ՝ նշեմ, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված՝ Լազարյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությամբ պայմանավորված, իսկ նման դեպքում քրեական դատավարության օրենքը այդ փուլի համար այլընտրանք չի թողնում:

Իսկ դատախազի կողմից խափանման միջոցի փոփոխման որոշման կայացումը պայմանավորված էր նրանով, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագով) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասել Աբրահամյանը է :

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը նշել է, որ այս կապակցությամբ Լազարյանին ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է՝ մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող վերոնշյալ քրեական գործով վերջնական որոշում կայացվելը։