կարևոր
1566 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 13:11

Ինչ անհրաժեշտ է եղել, արվել է. Միրզոյանը՝ Սերժ Սարգսյանի մուտքն ԱԺ կազմակերպելու մասին

Ինչ անհրաժեշտ է եղել, արվել է. Միրզոյանը՝ Սերժ Սարգսյանի մուտքն ԱԺ կազմակերպելու մասին

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ ԱԺ-ն ապրիլի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մուտքը խորհրդարան կազմակերպել է, արվել է այն, ինչ անհրաժեշտ է եղել: Արարատ Միրզոյանն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ԱԺ նախագահը չի դիմավորել ՀՀ երրորդ նախագահին: 

«Հրավերը եղել է քննիչ հանձնաժողովի կողմից: Վստահ եմ, որ քննիչ հանձնաժողովը կազմակերպել է նաև դիմավորումը: Եվ ուզում եմ ասել նաև, որ մենք կազմակերպել ենք Սերժ Սարգսյանի մուտքը՝ և դարպասով, և մեքենայով: ԱԺ նախագահի համար առանձին մուտք կա, առանձին միջանցք կա՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Եվ Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ մուտքով, այդ միջանցքով գնալ: Ինչ, անհրաժեշտ է եղել, արվել է»,-ասել է Միրզոյանը: 

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին՝ նա ասել է՝ գիտի, որ շատ լավ է աշխատում, հնարավոր մանրամասների մեջ խորանում է այնքան, որքան դա հնարավոր է: Նա հույս հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքի ավարտից հետո հասարակությունն ամբողջական տեղեկատվություն կստանա: 

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին մասնակցել է Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի։