կարևոր
1374 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 13:02

ԱԺ-ն քննարկեց կենսական նշանակության ճանապարհների բարելավման համար վարկային համաձայնագրի հարցը

ԱԺ-ն քննարկեց կենսական նշանակության ճանապարհների բարելավման համար վարկային համաձայնագրի հարցը

Պատգամավորերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

ԱԺ ապրիլի 17-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 10-ին: Համաձայնագրով բանկը Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո գումար՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում»  ծրագրի իրականացման համար: Ծրագիրը հանդիսանում է այժմ գործող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի և կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շարունակությունը: Եվ դա վարկային համաձայնագրում նշված վերանորոգման ենթակա 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի մի հատվածն է, 3-րդ ծրագիրն է սա: Նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 65 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը»,-ասաց նախարարը:

Այս պահին արդեն իսկ մի շարք մրցույթներ հայտարարված են՝ դրանցից 4 ճանապարհների համար՝ Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում՝ ընդհանուր 23.1 կմ: Դա գործող ծրագրի շրջանակում կազմված նախագծերի հիման վրա է կատարվել: Պապիկյանի խոսքով՝ ևս մի հատված այս ծրագրի շրջանակում կիրականացվի՝ 41.9 կմ, նախագծերն արդեն իսկ ավարտական փուլում են: Խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո կդրվեն մրցույթի:

Անուշ Բեղլոյանը նկատեց՝ հասարակությունը դեռ լավ չի պատկերացնում, թե ինչ սկզբունքով են ընտրվում այն ճանապարհները, որոնք վերանորոգվում են, խնդրեց ներկայացնել չափանիշները: Պապիկյանը պատասխանեց՝ կոնկրետ այդ ծրագրով ընտրությունը կատարվել է բանկի հետ համատեղ, խորհրդատուների մասնակցությամբ: Այսինքն՝ նախարարությունն այս փուլում որևէ միջամտություն չի ունեցել, արդեն իսկ նախանշված են եղել այդ ճանապարհների կառուցման ծրագրերը, բայց նա հաստատեց, որ չի վերանորոգվի կամ վերակառուցվի մի ճանապարհ, որը դրա կարիքը չունի: Նախարարը նշեց, որ դրանք իրոք կենսական նշանակության ճանապարհներ են: