կարևոր
1889 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 11:13

Դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել դեղերի շրջանառության շուկայում։

Կառավարության հեղինակած նախագիծը խորհրդարանի ապրիլի 16-ի նիստում ներկայացրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

«Այս նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել հարկային օրենսգրքում, համաձայն որոնց դեղերի` դրոշմապիտակով դրոշմավորման համար պարտադիր է դառնում Առողջապահության նախարարության կողմից տրված դեղերի համապտասխանության հավաստագրի համարի և հավաստագրում դեղերի հերթական համարի էլեկտրոնային կարգով գրանցումը»,- հայտնել էր Ասոյանը։

Արթուր Ասոյանը նշել էր, որ դեղերի շուկայում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ ԵԱՏՄ անդամ երկրներից, գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց փորձաքննության և նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրաշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ` որակի, անվտագության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ դեղեր։

«Առաջարկում ենք կարգավորել այս խնդիրը, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ավելի արդյունավետ վերահսկողություն դեղերի շրջանառության շուկայում»,- ասել էր Արթուր Ասոյանը։

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 103 «կողմ» ձայնով։