կարևոր
1468 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 21:15

Սերժ Սարգսյանն ընդունել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ունեցել է բացթողումներ․ Անդրանիկ Քոչարյան

 Սերժ Սարգսյանն ընդունել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ունեցել է բացթողումներ․ Անդրանիկ Քոչարյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ունեցել է բացթողումներ: Այդ մասին խորհրդարանական ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին՝ Սերժ Սարգսյանն ընդունե՞լ է, որ ունեցել է բացթողումներ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե»։

Հարցին, թե նախկինում Սերժ Սարգսյանն ասել էր, որ 800 հեկտար ենք կորցրել, սակայն վերջերս նկարահանված ֆիլմում նշվում է՝ 400 հետկար, Քոչարյանը պատասխանեց. «Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր, որպեսզի ֆիլմը դառնա վավերագրական, ֆիլմը նկարահանողը պիտի տիրապետի այն տեղեկատվությանը, որը գտնվում է այն սենյակի պատերի հետևում։ Ֆիլմում հնչեցված բազմաթիվ փաստեր փորձել ենք ճշտել պարոն Սարգսյանից... Մենք ավելի լուրջ հարց ենք տվել, ոչ թե 400-ի և 800-ի։ Մենք ուղղակի ճշտել ենք՝ պարոն Սարգսյանն ինչ է կարծում՝ հակառակորդն իր առջև դրված ռազմական խնդիրը լուծե՞լ է, թե՞ ոչ, այդտեղ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ ոչ, մենք ինչքա՞ն ենք պատրաստ եղել դրանից առաջ, հետախուզության տվյալներն ամբողջությամբ արտացոլո՞ւմ են այն տեղեկատվությունը, որը գտնվում է շրջանառության մեջ։ Քննիչ հանձնաժողով հրավիրվող անձինք ցանկի ներսում եղած մարդիկ են, նախատեսված է, որ նրանց պետք է լսենք»,- ասաց Քոչարյանը։  

Նրա խոսքով՝ հանձնաժողովի գործունեությունը վերջնական փուլում է։ 

Հարցին՝  նիստին արդյոք Սերժ Սարգսյանը թերացողների անուններ հնչեցրել է, Քոչարյանը պատասխանեց. «Թերացողների անուններ տրվել է նաև Պաշտպանության նախարարության կողմից կազմված վերլուծության մեջ, սակայն վերլուծության մեջ ներառված չեն նաև մի շարք պաշտոնյաներ, որոնք իրենց չեն տեսել այդ թերացումների մեջ, բայց հանձնաժողովը տեսել է նաև այն պաշտոնյաներին, որոնք արտացոլված չեն այդ թերացումների մեջ։ Հանձնաժողովի աշխատանքները կարևոր են նրանով, որ ինքն ի վիճակի է ամբողջացնել այդ ամբողջ տեղեկատվությունը»: