կարևոր
4645 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 17:10

Գործողությունները պետք է հիմնված լինեն միմյանց  նկատմամբ հարգանքի եւ հանդուրժողականության վրա․ Նախագահի գրասենյակն արձագանքել է «Երկիր Մեդիայի» հարցմանը

Գործողությունները պետք է հիմնված լինեն միմյանց  նկատմամբ հարգանքի եւ հանդուրժողականության վրա․ Նախագահի գրասենյակն արձագանքել է «Երկիր Մեդիայի» հարցմանը

«Երկիր Մեդիան» դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմ, հարցում ուղարկելով, թե ինչպես է վերաբերվում ՀՀ Նախագահը վերջին օրերին Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումներին եւ հատկապես՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին սոցցանցերում արված գրառման բովանդակությանը։ ՀՀ Նախագահի աշխատակազմից ստացված պատասխանը առանց խմբագրման ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․ 
 
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եկեղեցին և պետությունն իրարից անջատ են:  Միաժամանակ Սահմանադրությունն ընդգծում է նաև  Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները կարգավորված են նաև օրենսդրորեն:

Հայտնի է, որ երկար տարիներ Արմեն Սարգսյանը Հայաստանյայց առաքելական սուրբ  եկեղեցու  բարերարներից  է: Նախագահը  խորին  պատկառանք ունի և հարգանք է տածում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եւ հայ  քույր  եկեղեցիների, հայոց ողջ հոգևոր ու  պատմամշակութային ժառանգության հանդեպ:

Արմեն Սարգսյանը ջերմ ու հարգալից հարաբերություններ ունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի հետ:

Հանրապետության նախագահը բազմիցս է նշել, որ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հայ եկեղեցին,  մեր հավատքն ու մարդասիրական արժեքները եղել ու մնում են մեր ազգային ինքնության խարիսխը և ազգապահպան կարևոր հենարանը: Հետեւաբար, յուրաքանչյուրիս գործողությունները պետք է հիմնված լինեն միմյանց  նկատմամբ հարգանքի եւ հանդուրժողականության վրա: Հատկապես որ ընդամենն օրեր առաջ նշեցինք Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը, որի մեջ մարդասիրության, հոգատարության, համերաշխության և հանդուրժողականության մեծ խորհուրդ կա»․- ասված է պատասխան նամակում: