կարևոր
1329 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 16:56

Անհապաղ և համընդհանուր հրադադարի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչն անհրաժեշտություն է․ Արցախի ԱԳՆ

Անհապաղ և համընդհանուր հրադադարի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչն անհրաժեշտություն է․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ և համընդհանուր հրադադարի կոչին։

Ձեզ ենք ներկայացնում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը․

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ և համընդհանուր հրադադարի կոչը՝ հնարավորություն տալու մարդկությանը համախմբվել ընդհանուր թշնամու՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի դեմ պայքարում, կարևոր, անհրաժեշտ և պատեհաժամ նախաձեռնություն է: Այս կոչի բարեխիղճ կատարումը կարևոր ներդրում կդառնա միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերում՝ ուղղված համայն մարդկության համար այդ նոր սպառնալիքին արդյունավետ դիմակայելուն:

Համոզված ենք, որ այս ճգնաժամային ժամանակահատվածում նեղ քաղաքական նպատակների հասնելու համար համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից օգտվելու ցանկացած փորձ սպառնալիք է ներկայացնում ամբողջ միջազգային հանրության համար և արժանի է ամենախիստ դատապարտության:  Եվ հակառակը՝ համայն մարդկության համախմբվածությունը ընդհանուր և անողոք թշնամու առջև թույլ կտա ոչ միայն հաղթանակած դուրս գալ այս պայքարից, այլ նաև կամրապնդի համագործակցության ոգին, ինչը կարող է աշխարհն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնել:

Արցախի Հանրապետությունը անհապաղ արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը և արդեն մարտի 24-ին՝ վերահաստատել իր հանձնառությունը՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում:

Մենք կիսում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերի կենտրոնում պետք է լինի յուրաքանչյուր մարդու կյանքը: Միայն առաջնորդվելով «ոչ ոք մոռացված չէ» սկզբունքով՝ մարդկությունը կկարողանա արժանապատվությամբ դիմանալ այդ փորձությանը: Արցախի Հանրապետության համար, որն արդեն ավելի քան երեք տասնամյակ հակամարտության մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարն առանձնակի սրություն է ստանում՝ հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտության պատճառով Արցախի ժողովուրդը զրկված է միջազգային կառույցների աջակցությունից:

Այս կապակցությամբ հուսով ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կորոնավիրուսի հետ պայքարում կաջակցեն Արցախին, ինչը ներդրում կդառնա այդ համաշխարհային մարտահրավերի  հաղթահարմանն ուղղված ընդհանուր ջանքերում»,-նշված է հայտարարությունում։