ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիս կհրավիրի։ Այս մասին Սարգսյանն ասել է ապրիլի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։ Սարգսյանը Ազգային ժողով է հրավիրվել, մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։
«Հարգելի լրագրողներ, ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու մեր լրատվամիջոցների հետ, պարզ պատճառով, որովհետև ես ոչինչ չունեմ թաքցնելու, և եկել է այն ժամանակը, որ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին։ Ես դիմել եմ հանձնաժողովին` իմ մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ամսի 16-ին, ուստի ես այդ հնարավորությունից զրկված եմ, որովհետև հարցն այնքան է կարևոր, որ ոտքի վրա մեկ-երկու հարցի պատասխանելով չեմ գոհացնի ձեզ։ Արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո բոլոր լրատվամիջոցներին կհրավիրեմ և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,-ասել է Սարգսյանը։
Սերժ Սարգսյանը Ազգային ժողով է հրավիրվել, մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։
Հանձնաժողովի նիստն ընթանում է դռնփակ ռեժիմով, իսկ հանձնաժողովը Սարգսյանին կտրամադրի նիստի տեսագրությունը։