կարևոր
1203 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 16:16

Բանկերը վերանայել են մոտ 525 հազար վարկի մարում

Բանկերը վերանայել են մոտ 525 հազար վարկի մարում

Հայաստանում բանկերը արտակարգ դրության պայմաններում վերանայել են 525 հազար հատ վարկի մարում: Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու, ԿԲ խորհրդի անդամ Գալստյանը՝ ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ակնհայտ է, որ բանկերի կողմից ուշանում է ռեալ սեկտորի վարկավորումը: Նա հետաքրքրվեց, թե ԿԲ-ն ինչ կարող է անել այս առումով՝ մանավանդ հաշվի առնելով ներկա ֆորսմաժորային իրավիճակը:

«Այս պահի դրությամբ վարկերը մի քանի գործառույթ են իրականացնում, օրինակ հետաձգում են վարկային պարտավորության մարումը: Այս պահի դրությամբ մոտ 525 հազար վարկ է վերանայվել, հետաձգվել բանկերի կողմից: Բանկերն այսօր աշխատում են գերծանրաբեռնված, մարդկանց գերակշիռ մասը աշխատում է տնից, քանի որ կան սահմանափակումներ: Բայց ամեն դեպքում այս պահի դրությամբ մոտ 525 հազար հատ վարկ վերանայվել է, դրանցից 514 հազարը վերաբերում է ֆիզիկական անձանց»,-ասաց Գալստյանը:

ԿԲ-ի հաշվարկներով՝ դա 380 հազար մարդու է վերաբերում: Ինչ վերաբերում է այն ծրագրերին, որոնք կառավարությունն իրականցնում է բանկերի միջոցով՝ համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սուբսիդավորման մեխանիզմների միջոցով՝ Գալստյանը նշեց, որ երկրորդ միջոցառմամբ արդեն 1126 վարկի հայտ հաստատվել է: Եվ առաջին ու երկրորդ ծրագրով տրվել է մոտ 12 մլրդ դրամ:

Նա նշեց, որ ԿԲ նախագահն ու թիմի ևս մի քանի անդամներ ամեն օր առևտրային բանկերի ղեկավարների հետ ունենում են տեսակապ, ամեն օր բանկերի հետ քննարկվում են կառավարությունից եկող ազդակները և բանկերի կողմից կառավարությանը տրվող ազդակները: