կարևոր
1415 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 16:08

Հայաստանում կարտադրվեն թոքերի արհեստական շնչառության սարքեր

Հայաստանում կարտադրվեն թոքերի արհեստական շնչառության սարքեր

Կառավարությունը 2020 թվականի պետբյուջեում վերաբաշխում կատարեց և առանց մրցույթի՝ դրամաշնորհ տրամադրելու համար գումար հատկացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

Որոշմամբ թույլ տրվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Գաղափարից մինչև բիզնես՝ դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված գումարից Թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման աշխատանքների իրականացման նպատակով 2020-ի առաջին կիսամյակում «Ինժիներական ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը առանց մրցույթի որպես դրամաշնորհ տրամադրել 90 մլն դրամ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրենց նախարարությունը հայտարարել էր թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման աշխատանքների գործընթաց, և ստացվել են 300 հայտեր ու առաջարկներ:

«Այս որոշման արդյունքում հնարավորություն կունենանք թոքերի արհեստական շնչառության սարքերի ներքին պահանջարկը բավարրել, աջակցել առողջապահական համակարգին»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ 4-6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի և ունենալ աշխատող սարքավորում: Նախարարի խոսքով՝  այս դեպքում սարքերը շուկայական գնից կրկնակի էժան են լինելու: Հնարավորություն կլինի ամսական արտադրել 40-50 սարք:

«Ներկայումս համավարակի պատճառով ամբողջ աշխարհում առկա է ավելի քան 880 հազար թոքերի արհեստական շնչառական սարքի պահանջարկ: Սա նաեւ հնարավորություն է, որ հայկական ինժեներական ընկերությունները կարողանան մուտք գործել բժշկական սարքերի արտադրման շուկա, որը շատ նեղ ու լուրջ շուկա է»,-ընդգծել է Արշակյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ թեև կա տեսակետ, որ շոգերին զուգահեռ կորոնավիրուսի վարակման ցուցանիշենրի անկում կարող է լինել, բայց հնարավոր է, որ աշնանը, հետո նաև ձմռանն ունենանք վարակի թվի աճ: Այնպես որ, վարչապետը կարևորեց նախագիծը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատել է, որ եթե նույնիսկ համաճարակն անցնի, այդ սարքերը մեզ պետք են լինելու, որովհետև դրանք ընթացքում շարքից դուրս են գալիս:

Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ սա, այո, ռիսկային նախագիծ է, որովհետև հանրային միջոցներ են ծախսում և ապահովագրված չեն, որ կունենան այն արդյունքը, որը նախատեսում են: Ավինյանը, միաժամանակ ընդգծել է, որ սա արդարացված ռիսկ է: