Երեկ ես անձամբ մի քանի ժամ կարդացել եմ ֆեյսբուքյան էջին քաղաքացիների նամակները և ունենք մի քանի խումբ խնդիրներ, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սոցիալական աջակցության միջոցառումներին:
«Շատ մեծ թվով մարդիկ տեղյակ չեն, որ այս կամ այն ծրագրի շահառու են, տեղեկացվածության խնդիր ունենք և սա մեզ համար ազդակ պետք է լինի, որ բավարար չափով չենք լոսւաբանում, թե որ միջոցառումը որ խմբին է վերաբերում», - ասաց նա։
Վարչապետն ընդգծեց՝ տեսանյութը 200 հազար դիտում է ունենում, դա դեռ լուսաբանում չէ, լուսաբանումն այն է, որ պոտենցիալ բոլոր շահառուները տեղյակ են:
Վարչապետը տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիայի և գազի հետ կապված միջոցառումներին քաղաքացին ոչ մի գործողություն չպետք է անի, կառավարությունը գումարները կփոխանցի, իսկ ովքեր արդեն վճարել են, կգոյանա կանխավճար:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ, մասնավորապես, իններորդ միջոցառման հետ կապված խնդիր կա և եթե մարդ չգիտի ՀԾՀ-ն ինչ է, դա նշանակում է՝ լրատվական համակարգը չի աշխատում:
«Հիմա, կներեք, ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ինչ է, մի հատ ասեք, ՀԾՀ-ն ի՞նչ է», - հարցրեց վարչապետը։
Նա կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ին հորդորեց այնպես անել, որ յուրաքանչյուր քաղաքացի իմանա ՀԾՀ-ն ինչ է։