ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը նկատել է, որ վերջին 10 տարում բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքներն անշեղորեն նվազել են, սակայն որպեսզի վարկերի տոկոսադրույքները լինեն ավելի ցածր, նա համատեղ քայլերի կարիք է տեսնում: Գալստյանը նման տեսակետ է հայտնել ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին:
Վիկտոր Ենգիբարյանը նկատել է, որ բանկերը հաճախ դառնում են աղքատությունը ֆինանսավորող ինստիտուտներ: «Մարդիկ, չունենալով հնարավորություն տնտեսությունում կայանալու, դիմում են բանկերին, հաճախ ֆանտաստիկ մեծ տոկոսներով և բարձր ռիսկայնությամբ վարկեր վերցնում, ինչն էլ խորացնում է աղքատությունը, առաջացնում լուրջ խնդիրներ»,- ասել նա ու հետաքրքրվել է, թե այս խնդրի հետ կապված ինչ տեսլական կա:
Գալստյանը նշել է՝ հաջողության հասնելու ամենակարևոր գրավականը հասարակությունում ֆինանսական կրթության բարձր մակարդակն է: Բանկային համակարգում արդյունավետ տոկոսադրույքը 24 տոկոսը չի գերազանցում, այս պահի դրությամբ արդյունավետ տոկոսադրույքը մոտ է 20 տոկոսին: Իսկ առողջ, կայացած, թափանցիկ բիզնեսների համար բիզնես վարկերի արդյունավետ տոկոսադրույքը շատ ավելի ցածր է: Այդ առումով մենք, երևի թե, շատ անելիքներ ունենք: Բայց այդ անելիքները համատեղ են, որպեսզի ստեղծենք այն միջավայրը, որ բիզնեսը լինի բաց, թափանցիկ ու հասկանալի, ունենանք աշխատող համակարգ, որի արդյունքում բանկերի կողմից վարկի տրամադրման ռիսկերը կզսպվեն և բանկերի կողմից վարկերի տրամադրման տոկոսադրույքները կլինեն շատ ավելի ցածր: Վերջին 10 տարում բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքներն անշեղորեն նվազել են»,-ասել է նա ու շեշտել՝ վարկի տոկոսադրույքի հիմնական բաղադրիչներից մեկը ավանդատուներին տրվող ավանդի տոկոսն է, այսինքն՝ խնդիրը երկու կողմ ունի:
Թեկնածուն նկատել է՝ պետք է ֆինանսական կրթության ավելացում, ֆինանսական հասանելիության մեծացում, մրցակցության ընդլայնում և դաշտի թափանցիկության ավելացում: Նա շեշտել է, որ սպառողների պաշտպանությունը ևս ԿԲ-ի կարևորագույն խնդիրներից է, որի ուղղությամբ ձեռնարկել և ձեռնարկում են քայլեր: