կարևոր
1292 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 11:36

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կենսաթոշակների՝ ամբողջությամբ անկանխիկ վճարման անցնելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կենսաթոշակների՝ ամբողջությամբ անկանխիկ վճարման անցնելու նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի՝ սահմանելով բացառություններ:

Փաթեթն ԱԺ նիստում ստացավ 80  «կողմ», 16 «դեմ», 18 «ձեռնպահ» ձայներ:

«Պետական կենսաթոշակների մասին» գործող օրենքում սահմանված է, որ կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ քաղաքացու ընտրությամբ: Գործող օրենսդրությամբ անձը հնարավորություն ունի ընտրություն կատարելու կենսաթոշակի վճարման եղանակի համար: Փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի: Սակայն, եթե կենսաթոշակառուի 75 տարին լրացել է կամ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կամ, այլ կերպ ասած, քաղաքացին ունի շարժունակության խնդիր, ապա նրա դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

Միաժամանակ հաշվի առնելով բանկային ենթակառուցվածքի հասանելիությունը հանրապետության տարածքում՝ կառավարությունն առաջարկում է անցման փուլային տարբերակ: Առաջարկվում է առաջին փուլում՝ 2020 թվականի հուլիսի 1-ից այս կանոնը տարածել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Դրանից հետո աստիճանաբար կտարածվի մնացած քաղաքներում, մեծ գյուղերում: Եվ 2023 թվականից այն արդեն կգործի նաև գյուղական այն բնակավայրերում, որտեղ կա 1000-ից պակաս բնակչություն: