կարևոր
698 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-16 11:12

Վերաքննիչ դատարանը դատապարտյալին վաղաժամկետ ազատել է՝ հիմք ընդունելով նաև ՄԻՊ-ի դիրքորոշումները

Վերաքննիչ դատարանը դատապարտյալին վաղաժամկետ ազատել է՝ հիմք ընդունելով նաև ՄԻՊ-ի դիրքորոշումները

Վերաքննիչ քրեական դատարանը դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու որոշման մեջ հաշվի է առել  նաև Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշումը և այդ որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումները՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկ իրականացված չհայտարարված այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն արձանագրել է, որ ազատությունից զրկված անձն ինքնավնասում կատարելու համար տեղափոխվել է պատժախուց՝ ենթարկվելով կարգապահական տույժի:

Պաշտպանի նախաձեռնած քննարկման վարույթի շրջանակում Պաշտպանը կայացրել է խախտման որոշում՝ հանդես գալով նաև նման պրակտիկայի անթույլատրելիության վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ: 

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի այն իրավական դիրքորոշմանը, ըստ որի՝ ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձի համար ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն իրավաչափ չէ: Այս պրակտիկան հակասում է միջազգային չափանիշներին և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ինքնավնասում և ինքնասպանության փորձ կատարած ազատությունից զրկված անձինք պետք է ստանան բավարար ծավալով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական և հոգեբանական աջակցություն՝ գտնվելով քրեակատարողական ծառայողների և բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող անձնակազմի անմիջական մշտական հսկողության տակ, ինչպես նաև ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ կատարելու համար ազատությունից զրկված անձանց նկատմամբ կարգապահական տույժեր չպետք է կիրառվեն:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Պաշտպանի որոշման և իրավական դիրքորոշումներին կամ իրավաբանության (jurisprudence) մեջբերումները, ինչպես նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի վերաբերյալ դատարանի հայտնած դիրքորոշումները:

Սա ևս մեկ օրինակ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները դատական պրակտիկայում դառնում են իրավունքի աղբյուր: Դրանք իրավակիրառ պրակտիկայում կարող են օգտագործվել դատավորների, դատախազների, փաստաբանների և քննիչների կողմից, ինչն էլ առավել արդյունավետ կդարձնի երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: