կարևոր
2705 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-15 22:59

Կարգելվի՞ ելումուտը Մարալիկ․ Շիրակի մարզպետը՝ հիվանդանոցի 9 աշխատակիցների վարակման մասին

Կարգելվի՞ ելումուտը Մարալիկ․ Շիրակի մարզպետը՝ հիվանդանոցի 9 աշխատակիցների վարակման մասին

Ինչպես տեղեկացրել ենք, Մարալիկում կորոնավիրուսի վարակման 9 նոր դեպք է արձանագրվել, նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են, նրանց թվում է նաև հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որը մասնագիտությամբ վարակաբան է։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն Aravot.am-ին պարզաբանել է, որ Մարալիկի մեկուսացված բնակիչներից մեկի մոտ երեկ թեստի դրական պատասխան են ստացել։ Նա եղել է Մարալիկի առողջության կենտրոնի անձնակազմի ներկայացուցիչ։

««Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի» անձնակազմի որոշմամբ, այսօր Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակազմի մի մասին թեստավորել են․ 9 հոգու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի ներկայացուցիչները, ոլորտային պատասխանատուներն այնտեղ են, իրենք կոնտակտավորների շրջանակի վրա են աշխատում, մի մասն արդեն տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց, մյուս մասի տեղափոխումը շարունակության, ընթացքի մեջ է։

Հիմա քննարկում են ամբողջ անձնակազմի թեստավորման հարցը և այդ գործընթացին զուգահեռ ոլորտային քննարկում է ընթանում այս փուլում Մարալիկի հիվանդանոցի գործունեության հարցը, որը հավանաբար «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի հետ քննարկումներից հետո արդեն կստանանք այդ ցուցումները»,- ասաց մարզպետը։

Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է արգելվի Մարալիկ ելումուտը, Տիգրան Պետրոսյանն ասաց, որ ոլորտային կառույցների, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի կողմից ամբողջական շղթայի հետազոտությունից հետո քննարկման առարկա կդառնան բոլոր հարցերը, բոլոր տարբերակները։