կարևոր
1659 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-15 19:45

Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը երբեք չի դադարելու. Զոհրաբ Մնացականյան

Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը երբեք չի դադարելու. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ կառավարությունը փորձում է տարբերակներ գտնել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում և աշխարհի մի շարք երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ոգեկոչելու համար։ Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Մնացականյանը՝ խորհրդարանում կառավարության հետ հարուցապատասխանի ընթացքում, պատասխանելով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հարցին։

«Հայոց ցեղասպանության ճանաչման, արդարության համար պայքարը երբեք չի դադարելու։ Հիմա աննախադեպ, անսովոր պայմաններ են, բայց այս ամբողջ ընթացքում հայ ժողովրդին որևէ հանգամանք չի կանգնեցրել արդարության համար այս կարևոր պայքարում։ Այս տարի ևս մենք կգտնենք տարբերակ, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Հայոց ցեղասպանությունը եղել և մնում է գերակա ուղղություններից մեկը արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց Մնացականյանը։

Ապրիլի 24-ի, մայիսի 8-ի և 9-ի միջոցառումներին կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: