28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Պետության առաջիկա միջոցառումների զգալի մասը կոչված է լինելու համատեղ տնտեսավարման կամ ավելի մեծ մասշտաբով գյուղատնտեսություն վարելու ճանապարհով գյուղատնտեսության արդյունավետության հասնելուն: Աս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանի՝ գյուղացիական նշանակության չօգտագործվող հողերի վերաբերյալ հարցին:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է՝ իսկապես հողերի փոքր չափերի պատճառով այսօր գյուղատնտեսության ոլորտում մեծամասամբ անարդյունավետ տնտեսավարում է առկա: «Առաջիկա միջոցառումների զգալի մասը կոչված է լինելու հատկապես համատեղ տնտեսավարման կամ ավել մեծ մասշտաբով գյուղատնտեսություն վարելու ճանապարհով արդյունավետության հասնելու խնդրի լուծմանը»,-ասել է նախարարը:
Կա նաև ծրագիր, որը մշակվել է միջազգային աջակցող կազմակերպությունների հետ համատեղ: «Այն նախատեսում է առաջնահերթ եղանակով Արմավիրի և Արարատի մարզում իրականացնել այնպիսի պիլոտային ծրագիր, որի արդյունքում որոշակի տարածքներում համատեղ գործունեություն կիրականացվի՝ խոշորացված հողամասերի միավորման եղանակով: Բայց ունենք ավելի երկարաժամկետ ծրագիր, որը մի քանի փուլ է նախատեսում: Առաջին փուլում մեզ անհրաժեշտ է ստեղծել հողերի այն բանկը, որում կարող են ի վերջո հստակեցվել օգտագործվող և չօգտագործվող հողամասերի վերաբերյալ տվյալներ»,-ասել է Խաչատրյանը։
Նա նշել է ՝ կլինի հարթակ, որտեղ հանդես կգան հողերի նկատմամբ իրավունքներ ունեցող անձինք, նրանք կկարողանան տեղադրել իրենց առաջարկները: Կամավորության հիմունքներով մի կողմից հողերի նկատմամբ իրավունք ունեցող անձինք և մյուս կողմից հողերի նկատմամբ պահանջ ներկայացնող կազմակերպությունները կամ անձինք կամավոր համաձայնությամբ կարող են հաջորդ փուլում արդեն անցնել ավելի խոշորացված տնտեսավարման: