կարևոր
1107 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-15 19:32

Պարետատունը համալրվել է համաճարակաբանների խմբով

Պարետատունը համալրվել է համաճարակաբանների խմբով

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պարետատունը համալրվել է համաճարակաբանների խմբով, որոնք ներգրավվել են Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստերի վերլուծության գործում։ Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի հարցին։

«Արդեն իսկ մեր պարետատան կազմը համալրվել է համաճարակաբանների խմբով, որոնք այդ տեղորոշման համակարգի միջոցով աշխատելու է վարակակրի հետ»,-ասել է Ավինյանը։

Covid-19 Armenia հավելվածը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Հավելվածի ամենակարևոր կետն օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է մարդու առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս, թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ են հաստատում պարետատան համաճարակաբանները և անցկացնում հարցազրույց, որի արդյունքում որոշում, թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն:

Ապրիլի 13-ի տվյալներով` Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստ անցած անձանցից 4900-ը հայտնվել է կարմիր գոտում, 21 անձ ուղարկվել է թեստավորման, ապրիլի 8-ին չորս անձի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Հավելվածի միջոցով հայտնաբերվել է վարակակիրների հետ շփված 3029 անձ։