Ճգնաժամերի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը հայաստանյան ֆինանական շուկայում փոխարժեքի կտրուկ փոփոխություններ է արձանագրում, վերջին դեպքերը նույնպես բացառություն չեն․ ԿԲ միջամտությամբ խնդիրը հարթվել է, սակայն բանկը կոչ է անում չտրվել կարճաժամկետ սպասումներ ձևավորելուն: Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ շարժեր է նկատվում արտարժույթի շուկայում:
Գրիգորյանը նախ հիշեցրեց, որ Հայաստանում արտարժույթի շուկան կամ փոխարժեքն ըստ էության ազատ լողացող է, ԿԲ-ն միջամտում է արտարժույթի շուկային միայն ծայրահեղ դեպքերում՝ հարթելու շուկայի պոտենցիալ կամ հնարավոր խիստ տատանողականությունը: «Այս վերջին դեպքերը նույնպես բացառություն չեն, երբ ԿԲ-ն միջամտել է շուկային՝ զուտ հարթելու համար, որպեսզի խիստ տատանողականություն մենք չունենանք: Սակայն արդեն որերորդ ճգնաժամն է, որ մենք տեսնում ենք՝ մեզ մոտ տեղի են ունենում բազմաթիվ սպեկուլյատիվ տատանումներ, որտեղ փոխարժեքի կտրուկ փոփոխություններ են կատարվում: Մեր հորդորը միշտ եղել է և շարունակում է մնալ՝ չտրվել կարճաժամկետ տատանումների նկատմամբ տարբեր սպասումներ ձևավորելուն: Պետք է պարզապես հավատալ մեր դրամին, մեր քաղաքականությանը»,-ասաց նա:
Գրիգորյանը նկատեց՝ այս պահին առկա է վերադարձ այն բնականոն նորմալ ֆինանսական շուկային ընթացքին, որը եղել է ճգնաժամից առաջ: «Մեր արժույթը դրամն է, պետք է հավատանք հայկական դրամին, աշխատենք դրամով, մտածենք դրամով»,-եզրափակեց նա:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: