կարևոր
1202 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-15 17:09

Վերաքննիչ դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի»- նշել են դատախազությունից։

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,Սերգո Կարապետյանին ՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝  Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: