կարևոր
1544 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-15 15:37

Կառավարությունը 7 500 տնտեսավարողի տրամադրել է աջակցություն

Կառավարությունը 7 500 տնտեսավարողի տրամադրել է աջակցություն

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում արդեն 7500 շահառու ստացել է համապատասխան ֆինանսական միջոցներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

«5-րդ միջոցառման նպատակն է պետությունից անհատույց դրամական օժանդակություն տրամադրել 2-50 աշխատակից ունեցող տնտեսավարողներին՝ աշխատավարձի ֆոնդի մոտ 16-50 տոկոսի չափով։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել՝ բացահայտելու այն ոլորտները, որոնք լրացուցիչ հարվածներ են կրում կորոնավիրուսի տնտեսական շոկերի արդյունքում»,-նշել է Ավանեսյանը։

Կառավարության հաստատած 5-րդ ծրագրով դրամաշնորհ կարող են ստանալ բոլոր այն տնտեսավարողները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն անընդհատ ունեցել են 2-50 վարձու աշխատակից, և նրանց վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում։ Դրամաշնորհը հասանելի է ապրիլի 1-ից։

Դրամաշնորհի չափը կազմելու է մոտավորապես ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 16-50 տոկոսը։ Մասնավորապես, մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը բաժանվում է աշխատակիցների թվին։ 5 և ավել աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում աջակցության չափը հաշվարկվում է ընկերության ամսական միջին աշխատավարձի չափը բազմապատկելով աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասով։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար գործարկել է 12 միջոցառում։