Կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի՝ սահմանելով բացառություններ: Փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
«Պետական կենսաթոշակների մասին» գործող օրենքում սահմանված է, որ կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ քաղաքացու ընտրությամբ: Գործող օրենսդրությամբ անձը հնարավորություն ունի ընտրություն կատարելու կենսաթոշակի վճարման եղանակի համար:
«Փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի: Իհարկե, օրենքով սահմանված են առանձնահատկություններ՝ առանձին կատեգորիայի անձանց համար: Մասնավորապես, նշված է, որ եթե կենսաթոշակառուի 75 տարին լրացել է կամ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կամ, այլ կերպ ասած, քաղաքացին ունի շարժունակության խնդիր, ապա նրա դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով»,-ասել է Սաիյանը:
Միաժամանակ հաշվի առնելով բանկային ենթակառուցվածքի հասանելիությունը հանրապետության տարածքում՝ կառավարությունն առաջարկում է անցման փուլային տարբերակ: Առաջարկվում է առաջին փուլում՝ 2020 թվականի հուլիսի 1-ից այս կանոնը տարածել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Դրանից հետո աստիճանաբար կտարածվի մնացած քաղաքներում, մեծ գյուղերում: Եվ 2023 թվականից այն արդեն կգործի նաև գյուղական այն բնակավայրերում, որտեղ կա 1000-ից պակաս բնակչություն:
Փոխնախարարը նշեց, որ կենսաթոշակների կանխիկ վճարումը անամեմատ ավելի թանկ է պետության համար, քան անկանխիկ վճարումը: 2020 թվականի մարտ ամսվա դրությամբ արդեն իսկ անկանխիկ եղանակով վճարվում է ընդհանուր կենսաթոշակների 53 տոկոսը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նկատել է, որ օրինագիծը կարևոր է, սակայն մտահգություն է հայտնել, որ այն որոշակի դժվարություններ է ստեղծելու թոշակառուների համար:
«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է,որ չի տեսել որևէ գյուղ, որտեղ բանկոմատ լինի, կամ դրանք եզակի են: Պատգամավորը նկատել է՝ որ պետությունը պետք բանկերի առջև դնի պարտավորություն, որ բոլոր համայնքներն ապահովեն բանկոմատներով, որպեսզի մարդը մի գյուղից մյուսը չգնա՝ բանկային ենթակառուցվածքից օգտվելու համար: