կարևոր
2631 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-15 13:14

Հայաստանին ԱՄՀ-ի տրամադրած 280 մլն դոլարը կուղղվի COVID-19-ի հետևանքների մեղմացմանը

Հայաստանին ԱՄՀ-ի տրամադրած 280 մլն դոլարը կուղղվի COVID-19-ի հետևանքների մեղմացմանը

ՀՀ կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած 280 մլն դոլարը կուղղի նոր տիպի կորոնավիրուսի հետևանքների մեղմացմանը։

Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

«Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ-ին տրամադրում է աջակցություն, որի ծավալը կազմում է 206 մլն հատուկ փոխառության իրավունք, որը դոլարային արտահայտությամբ կազմում է 280 մլն ԱՄՆ դոլար։ Այս միջոցները հասանելի են մեր կառավարությանը, քանի որ մենք շարունակաբար բարելավել ենք գործարար միջավայրը և ապահովել ենք ներդրումների պաշտպանությունը, ինչպես նաև բարեփոխումներ են իրականացրել։ Արդյունքում, միջազգային հանրության մոտ վստահություն է ձևավորվել, որ Հայաստանի Հանրապետությունն այս միջոցներն ուղղելու է կորոնավիրուսի հետևանքների մեղմացմանը»,- նշեց Ավանեսյանը։

Նա վստահեցրեց, որ այդ միջոցների ծախսելու հիմնական նպատակը լինելու է առողջապահական համակարգի զգալի հզորացումը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական շոկերի մեղմացումը։

«Սա առանց պայմանների վարկ է, այսինքն՝ կառավարությունն է ընտրելու, թե ինչի վրա է ծախսվելու այդ գումարը։ Այս գումարի՝ ՀՀ կառավարությանը հասանելիությունը զգալիորեն հզորացնում է հակահամաճարակային միջոցառումների իրականացման կարողությունը»,- ասաց Էկոնոմիկայի փոխնախարարը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: