Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը քաղաքական գործիչներից և քաղաքացիներից որևէ մեկի հետ խնդիր չունի։
Այս մասին Հարությունյանն ասաց ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
«Արցախում իրականացնելու եմ այնպիսի քաղաքականություն, որ կարողանանք համախմբել մեր հասարակությանը, համախմբված դիմակայենք մարտահրավերները։ Որևէ խնդիր որևէ քաղաքական գործչի հետ մենք չունենք։ Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ»,- ասաց Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախընտրական փուլում իր հասցեին հնչած բազմաթիվ վիրավորական հայտարարությունների առնչությամբ ցանկացել է դիմել դատարան, սակայն այժմ մտափոխվել է։
Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ էր արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։