կարևոր
1763 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 20:52

Այս մարտահրավերի առաջ կանգնելու հավանականություն կա․ Արսեն Թորոսյան

Այս մարտահրավերի առաջ կանգնելու հավանականություն կա․ Արսեն Թորոսյան

Շատ կարևոր է, որ ունենանք երկարատև ժամանակագրությամբ ավելի շատ դուրս գրում, քան նոր դեպքեր, 2 շաբաթ, 1 ամիս տևողությամբ, այդ դեպքում նոր կարող ենք խոսել բռնկման մարման մասին, և եթե այդպես չլինի, նոր հակառակի մասին, այս մասին այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե ռետրոսպեկտիվ հետ ենք նայում, այսինքն` քանի օր առաջ ենք ունեցել մեծ թվով հաստատված դեպքեր, ապա կտեսնենք, որ աստիճանաբար առողջացածների թիվը պետք է մեծանա, քանի որ եղել են օրեր, երբ մենք ունեինք միանգամից 50, մինչև 95 նոր հաստատված դեպքեր, և այդպես էլ պետք է լինի առողջացածներինը, իհարկե ոչ ուղիղ կապով, որովհետև հաճախ ականատես ենք լինում 14-րդ օրը, երբ կրկին քաղաքացիների մոտ հաստատվում է` նորից դրական, վիրուսի առկայությունը»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ վիրուսը բավական երկար է մնում մարդու օրգանիզմում, և միայն դրա բացակայության վստահ լինելու դեպքում են դուրս գրում քաղաքացիներին:

Օգտատերերից մեկի հարցին` հնարավո՞ր է բուժված, դուրս գրված հիվանդների մոտ կրկնվի վիրուսը, նախարարը արձագանքեց.- «Այս կարճ ժամանակահատվածում վարակի 4-րդ ամսում ենք, եղել են դեպքեր, երբ դուրս գրված քաղաքացիների մոտ կրկին հաստատվել է վիրուսի առկայությունը, սակայն դրանք շատ էպիզոդիկ են, և կասկած կա, թե արդյոք իրոք դուրս գրման պահին ճիշտ է կատարվել հետազոտությունը, թե ինչ-որ ժամանակ հետո տեղի է ունեցել կրկնավարակ: Այդ հարցի պատասխանը դեռ չկա, քաղաքացիները դուրս են գրվում, միայն եթե 2 օր անընդմեջ նրանց թեստերի պատասխանները բացասական արդյունք են ցույց տալիս»:

Ինչ վերաբերում է ախտանիշներ չունենալու, սեփական հանգստության համար թեստավորվելու հնարավորությանը, ապա Արսեն Թորոսյանը շեշտեց, որ այս պահին դա հնարավոր չէ.- «Այս պահին ամեն դեպքում թեստավորումն արվում է ըստ ցուցումների, և դա պատահական չէ, այն երկարատև ու բարդ պրոցես է, որը պետք է արվի ըստ ցուցումների, բայց ունենք նախնական տեղեկատվություն, որ որոշ լաբորատորիաներ հնարավոր է սկսեն վճարովի անել այս հետազոտությունը, խոսքը Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մասին է, ոչ թե արագ թեստերի, երբ որ օրգանիզմի հյուսվածքներում հայտնաբերում ենք վիրուսի ՌՆԹ-ն, հնարավոր է, որ այդպիսի վճարովի հետազոտություններ ներդրվեն Հայաստանում, և դրանք արվեն «հոգու հանգստության համար»: Չնայած դրա կատարման էֆեկտիվությունն ու օգտակարությունը ևս պետք է հասկանալ, որովհետև այդ պարագայում հետազոտությունը պետք է անել գրեթե ամեն օր, որ դու ամեն օր վստահ լինես, որ 3 կամ 5 օր առաջ չես վարակվել»:

Օրեր առաջ իր ասուլիսում նախարար Թորոսյանը հայտարարել էր, որ 1-2 տարի նախկին կյանքին չենք կարող վերադառնալ: Հարցին` ի՞նչ նկատի ուներ` դեռ 2 տարի ձեռնոցներով, դիմակներով, սոցիալական հեռավորությունը պահելով պե՞տք է ապրենք, նա պարզաբանեց.- «Հավանաբար այո, որովհետև նույնիսկ եթե մենք հիմա մեր կատարած միջոցառումների շնորհիվ ունենանք հիվանդության տարածման անկում, ինչին ձգտում է ամբողջ աշխարհը, ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում, այսինքն` կա մեծ հավանականություն, որ աշնանը` ցրտերն ընկնելուն պես, տարբեր երկրներում տարբեր սեզոններում կրկին կվերսկսվեն բռնկումները, որովհետև վիրուսի շրջանառությունը նույնիսկ լավ սցենարների դեպքում իսպառ չի վերանա»:

Արսեն Թորոսյանը ավելացրեց` առնվազն մեկ տարի, եթե գիտական փոփոխություններ չլինեն դեղի կամ պատվաստանյութի մասով. կրկին այս մարտահրավերի առաջ կանգնելու հավանականություն կա, ինչը նշանակում է, որ դեռ երկար խստիվ պետք է պահպանել բոլոր սանիտարահիգիենիկ միջոցառումները, սոցիալական հեռավարությունը: