կարևոր
2070 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-14 19:01

Գործադիրում քննարկվում է հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու հարցը

Գործադիրում քննարկվում է հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ` կառավարությունում շարունակվում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու քննարկումները։ Ապրիլի 14-ին տեղի ունեցած քննարկման ընթացքում վարչապետը ներկաներին հայտնել է, որ ժամանակն է ամփոփել մինչ օրս կատարված աշխատանքները։

«Մենք այս ձևաչափով արդեն, գրեթե, մեկ ամիս ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, և մեր նպատակը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակի բերած տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառումներ ընդունելը։ Մինչ այսօր ընդունել ենք կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 11 միջոցառում, այսօր ևս մեկը գրավոր ընթացակարգով ընդունվել է։ Կարծում եմ, որ հիմա ժամանակն է ամփոփել այս փուլի աշխատանքները, հասկանալու միջոցառումների արդյունավետությունը, և, թե ինչ փոփոխություններ պետք է մտցնենք մեր մոտեցումներում և մարտավարության մեջ` ճգնաժամին առավել արդյունավետ հակազդելու համար»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 12 միջոցառում է հաստատել։ 

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ այս օրերին կասեցվել է մի շարք ընկերությունների և կառույցների գործունեությունը։