24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին հասանելիություն տրամադրել բաժնետոմսերի և դրանց սեփականտերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային: Նախագիծն ԱԺ ապրիլի 14-ի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
«Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի է դառնալու իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին: Բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի մասին ինֆորմացիան հիմա հնարավոր է ստանալ միայն քրեական գործի շրջանակում՝ կասկածյալի կամ մեղադրյալ մասով՝ միայն դատարանի որոշմամբ: Դեռևս 2001-ից ՍՊԸ-ների բաժնեմասերի սեփականատերերի ինֆորմացիան բաց է, իսկ 2013-ից դրան ուղիղ հասանելիություն ունեն նաև պետական մարմինները: Այս տարիների ընթացքում բազմիցս փորձ է արվել բացել նաև բաժնետերերի մասին ինֆորմացիան, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ այդ թվում քաղաքական, այդ նախաձեռնությունները սառեցվել են»,-ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ իրավապահ մարմիններին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի իմանան բաժնետոմսերի սեփականատերերին և սեփականատերերի վերաբերյալ այլ տվյալներ: Հարկային մարմինների համար էական է բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիայի տիրապետումը, քանի որ Հարկային օրենսգրքով նախատեսված է փոխկապակցված անձ եզրույթը, որի չափանիշներից մեկն է նաև միևնույն սուբյեկտի կողմից որոշակի չափաքանակով երկու ընկերությունում բաժնետոմսի սեփականատեր հանդիսանալը, և դրանով էլ որոշվում է հարկման շեմը: ՏՄՊՊՀ-ին այդ ինֆորմացիան անհրաժեշտ է գերիշխող դիրքի որոշման, հակամրցակցային համաձայնության և այլնի համար:
Այսպիսով, առաջարկվում է այդ մարմիններին հասանելիություն տրամադրել ընկերությունների բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային, ինչպես նաև արժեթղթերի հաշիվների ցանկի, տեսակի և կարգավիճակի վերաբերյալ տվյալներին: