29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
«Մարս ավիա» ընկերությունը փակման վտանգի տակ է: Քաղավիացիայի կոմիտեի կողմից ստուգումների ընթացքում հայտնաբերված թերությունները չվերացնելու դեպքում այն կփակվի մայիսի 1-ից: Այս մասին տեսակապով ասուլիսում հայտնել է Քաղավիացիայի կոմիտեի՝ արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով ԵՄ թռիչքային անվտանգության գործակալության կողմից ՀՀ քաղավիացիայի կոմիտեում նկատած խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Ռևազյանը վստահեցրել է, որ խնդիրների լուծման ուղղությամբ շատ լուրջ քայլեր են արել:
«Բյուրսելում անվտանգության նիստին ներկայացրել ենք կոնկրետ քայլերը: Նրանց հիմնական շեշտադրումն այն էր, որ մենք ունենք ավիաընկերություններ, որոնք գրանցված են Հայաստանում, սակայն չվերթներ են իրականացնում Աֆրիկայի տարբեր պետություններում: Մենք սկսեցինք ուսումնասիրել և հասկացանք, որ շատ լուրջ խնդիր է, որ մենք որպես կոմիտե որևէ ժամանակում չենք ունեցել ուղիղ կապ՝ տարբեր երկրների քաղավիացիաների հետ: 100 տոկոս անկախ ստուգումներ չենք կարողացել իրականացնել: Հաշվի առնելով, որ մենք դա չենք կարող պատշաճ անել, քայլեր ենք իրականացրել, որ ապագայում ավիաընկերություններն այլևս չկարողանան գրանցվել Հայաստանում և չվերթներ իրականացնել Աֆրիկայում»,-ասել է Ռևազյանը:
Նա նշել է, որ լուրջ միջադեպեր են ունեցել Աֆրիկայում, կոմիտեն կոնկրետ քայլեր է իրականացրել, որ արտահերթ ստուգումներ կազմակերպեն: « Եվ դրա արդյունքում «Տարոն- Ավիա» ավիաընկերության աշխատանքն է կասեցվել, հետո փակվել: Եվ հիմա «Մարս ավիա»-ի շահագործողի վկայականն է կասեցվել, եթե վաղը չներկայացվի, որ թերությունները վերացվել են, ապա մայիսի 1-ին այս ընկերությունը կփակվի: Դա կնշանակի, որ մենք այլևս չենք ունենալու ավիաընկերություն, որը թռիչքներ է իրականացնում Աֆրիկայում: Դա շատ լուրջ քայլ է եղել մեր կողմից»,-ասել է կոմիտեի ղեկավարը:
Նրա խոսքով՝ դա կարողացել են անել այն բանի շնորհիվ նաև, որ Հոլանդիայից ներգրավել են մասնագետի, որը տեսուչներին ուղղություն է տվել, թե ինչպիսի փոփոխություններ պետք է անել տեսչական ստուգումներում, որ բոլոր խնդիրները նկատեն: Ռևազյանը նշեց՝ այսօր արդեն իսկ տեսչական ստուգումների մակարդակը բարձրացել է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ և այլն: