կարևոր
2401 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-14 16:36

Քաղավիացիայի վերաբերյալ կոնկրետ թերություններ են նշվում, սակայն չի հստակեցվում, որ դրանք տեղի են ունեցել վերջին 2 տարվա ընթացքում. Տաթևիկ Ռևազյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ Եվրոպական միության զեկույցում որևէ կերպ նշված չէ, որ նշված թերությունները հայտնաբերվել են վերջին երկու տարվա ընթացքում, այսօր տեսակապով հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Կոնկրետ թերություններ են նշում, որոնք նկատել են այցի ընթացքում, որը տեղի է ունեցել փետրվարի 3-ից 7-ը։ Սակայն չի նշվում, որ դրանք տեղի են ունեցել վերջին երկու տարվա ընթացքում», - նշեց Տաթևիկ Ռևազյանը։

Տեսակապով ասուլիսին միացել էր նաև քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը։

Վերջինս ասաց, որ արձանագրված թերությունները բազմաբնույթ են։

«Օրինակ՝ մենք պարտավոր էինք և պետք է ներդնեինք զեկույցների համակարգ։ Իրականում դա ներդրված չի եղել, սա թերություն է և միանշանակ պետք է շտկվի։ Զեկույցները ներկայացվել են լուրջ միջադեպերի ժամանակ, սակայն պետք է ներկայացվեն յուրաքանչյուր իրադրության ժամանակ»: 

Գալուստ Պողոսյանը նշեց, որ աշխատանքները մեծ մասամբ արվել են, սակայն արվել են մասնակի, ինչն էլ մտահոգություն է առաջացրել Եվրոպական միության մոտ։

Հիշեցնեն, որ ավելի վաղ «Երկիրն այսօր»-ի տաղավարում ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն էր անդրադարձել թեմային: