կարևոր
603 դիտում, 1 տարի առաջ --> 2020-04-14 14:36

Պատգամավորները և նախարարությունը տարակարծիք են կալանավորվածներին տեսակցելու իրավունքի վերաբերյալ

Պատգամավորները և նախարարությունը տարակարծիք են կալանավորվածներին տեսակցելու իրավունքի վերաբերյալ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է պատգամավորներին հնարավորություն տալ տեսակցել կալանավորված և ձերբակալված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: Սակայն այդ հարցում մի խումբ պատգամավորների և Արդարադատության նախարարության տեսակետները չեն համընկնում:

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա նշեց, որ հարցը տարիների պատմություն ունի, երբ պատգամավորների համար խոչընդոտներ էին առաջանում ձերբակալված կամ կալանավորված անձանց պահման հիմնարկներ այցելելիս: Օրենսդրությունը սահմանում է, որ պատգամավորն ունի մուտքի և ելքի իրավունք: «Եվ արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկները մեկնաբանում էին, որ դա պարզապես մուտքի և ելքի իրավունք է և ոչ ավեի, դա շփման, տեսակցության իրավունք չի ենթադրում»,-ասաց Սիմոնյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկման համար կառավարությունն առաջարկել է ըստ էության սահմանել 3 ռեժիմ: Սակայն նախագծի հեղինակն այդ առաջարկները չի ընդունել: Նախագծի հեղինակն ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանի առաջարկը: Առաջարկվել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք կունենա ամեն դեպքում պատճառաբանված որոշմամբ արգելել առանձին խումբ անձանց կամ անձի տեսակցելու իրավունքը, եթե դրա համար լինեն պատճառաբանված հիմքեր: Տարոն Սիմոնյանը հույս հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության գործընկերները քվեարկության ժամանակ հաշվի կառնեն, որ իրենց խմբակցության պատգամավորի առաջարկն ընդունվել է:

«Իմ քայլ»­ից Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, որ պատգամավորների համար խոչընդոտ է ի հայտ գալիս, երբ նախաքննական մարմնի որոշմամբ սահմանափակվում է ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունը ազգակցականների և այլ անձանց հետ: «Որքանով ես հասկացա՝ Արդարադատության նախարարությունը մեկնաբանում է, որ «այլ անձանց» թվում են վարչապետը, նախագահը, պատգամավորները և այլք: Իմ մոտեցմամբ՝ տվյալ հոդվածի մեկնաբանությունն այնքան էլ ճիշտ չի տրվում, և այդ հոդվածի տակ չպետք է մտնեն նախագահը, վարչապետը, ԱԺ պատգամավորները: Եթե պրակտիկայում կա խնդիր, այն պետք է  օրենսդրորեն լուծել»,-ասաց նա:

Սակայն Բաղդասարյանը առաջին ընթերցմամբ քննարկմանը նախագծին դեմ է քվեարկել, որովհետև կարծում է, որ կարգավորումը պետք է տրվեր մեկ այլ օրենքում՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքում:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը խնդրեց Տարոն Սիմոնյանին այլև չասել, թե նախագիծն ունի երկար տարիների պատմություն՝ պատճառաբանելով, որ պատգամավորի մեջբերած նախագիծը լիովին այլ բանի մասին է: Նա նաև խնդրեց այլևս չասել, թե Արդարադատության նախարարությունն այլ կերպ է մեկնաբանում գործող դրույթները և, հետևաբար, այլ մեկնաբանման հիմքով սահմանափակվում է պատգամավորի իրավունքը: «Նման բան գոյություն չունի, քանի որ չենք կարող մեկնաբանել մի բան, որը գրված չէ: Այսօր պատգամավորները և անձինք, որոնք նշված են քննարկող օրենքի 48-րդ հոդվածում, իրավունք չունեն տեսակցել կալանավորված կամ ձերբակալված այն անձին, որի համար կա վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում՝ տեսակցությունները սահմանափակելու մասին»,-ասաց նա:

«Բարագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին՝ ներկայացնելով նաև իր փորձը:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարադանյանը նշեց, որ ըստ էության համաձայն է, սակայն առաջարկված նախագիծը նենգափոխում է այն կոնցեպտը, որն իր սկզբանե դրված էր նախագծի մեջ: Նա նշեց, որ ցավով է կոչ անում դեմ քվեարկել, սակայն պետաիրավական հարցերի հանձնաժողովը պատրաստակամ է քննարկել այն նախագիծը, որին, ըստ էության, հավանություն էր տվել՝ հիմք ընդունելով այն փոփոխությունները, որոնք առաջարկել էր կառավարությունը:

ԼՀԿ  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հրայր Թովմասյանը արդարադատության նախարար նշանակվելուց հետո նորմը սկսել է մեկնաբանել այնպես, ինչպես մեկնաբանում է ներկայում նաև Արդարադատության նախարարությունը: «Արդեն տասը տարի է Հրայր Թովմասյանի նման մեկնաբանեցին նրանից հետո եկած նախարարները և հիմա մակնաբանում է գործող քաղաքական մեծամասնությունը, նախարարությունը»,-ասաց նա:

Նա նշեց, որ այդ հստակեցման դրույթը ժամանակին բերվել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ և մերժվել է, և հիմա էլ նույնպես մերժվում է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ժամանակին այդ դրույթին տրվել է սխալ մեկնաբանություն, որով և պայմանավորված է եղել աներկայիս վարչապետի այն ժամանակվա նախագիծը, որը կապ չունի հիմա ներկայացված նախագծի հետ: