ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բռնության հրապարկային կոչը և քարոզը քրեականացնել:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:
Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագմամբ, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհահայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե բացակայում են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներ:
Կոչեր ասելով՝ պետք է հասկանալ անձանց գիտակցության և կամքի վրա այնպիսի ազդեցությունը, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելուն, արդարացնելը անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության գործադրելու դեպքերի, ինչպես նաև բուն գաղափարի ընդունումը և պաշտպանությունը կամ նման բռնությունը գործադրած անձանց արդարացումը և պաշտպանությունն է: Քարոզն անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության գործադրելուն ուղղված գաղափարների տարածումն է: Որպես քարոզ չի կարող դիտվել բռնություն գործադրելուն ուղղված գաղափարների տարածումը միայն մեկ անձի մոտ:
«Քննարկվող արարքներից յուրաքանչյուրը կարող է ունենալ տարբեր դսրևորումներ, սակայն նախագծով առաջարկվող հանցակազմի առկայության համար դրանք պարտադիր պետք է լինեն հրապարակային: Վարույթ իրականացնող մարմինը նմանատիպ գործերով վարույթ իրականացնելիս պետք է անդրադառնա մի շարք չափանիշների: Դրանք են հանրության վրա անձի ազդեցության աստիճանը, իրական վտանգի առկայությունը, բռնություն հրահրողի դիրքը հասարակության մեջ և այլն»,-ասաց Գալյանը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից գրավոր առաջարկ էր ստացվել: «Առաջարկվել էր օրենքի նախագծից բացառել արդարացնելը որպես երկընտրելի գործողության տեսակ: Սակայն առաջարկը չի ընդունվել»,-հայտնեց փոխնախարարը:
Կառավարության առաջարկությամբ որոշակի փոփոխություններ են արվել նախագծի հիմնավորման տեքստում: Մասնավորապես նշվել է, որ գիտության, արվեստի, մշակույթի գործերում առկա բռնության կոչերին նմանվող արտահայտությունները, ինչպես նաև այդպիսի արտահայտություններ պարունակող մշակութային համապատասխան նյութերի տարածումը բռնության արդարացում չեն կարող համարվել: Եվ նմանատիպ արարքը չի կարող դիտարկվել այդ հանցակազմի համատեքստում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ողջունեց նախագիծը, սակայն նշեց, որ այն իրավական որոշակիության տեսանկյունից մտորումների տեղիք է տալիս: «Նախ՝ ինչ է նշանակում հրապարակային: Բնական է, կոչը հրապարակային է լինում: Եթե ես մեր տանը մեկ սենյակում ինքնամեկուսացվեմ և սկսեմ հայհոյել, սա կոչ չէ: Իսկ հրապարակայի՞նը որն է՝ երկու՞, թե՞ չորս հոգու ներկայությամբ»,-ասաց Պետրոսյանը: