Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառու հանդիսացող 5 957 հղի կանայք, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից կամ չեն աշխատել մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, կարող են դիմել բանկ և ստանալ միանվագ աջակցություն։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«7-րդ միջոցառման շրջանակն ընդլայնվել է, և այժմ աջակցություն կստանան ոչ միայն այն հղիները, որոնց ամուսիններն ազատվել էին աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, նաև այն հղիները, որոնց ամուսիններն այդ նույն ժամանակահատվածում չեն աշխատել։ Այս պահին ծրագրի շահառու է հանդիսանում 5 957 քաղաքացի, ցանկը թարմացվում է»,- նշեց Բաթոյանը։
7-րդ միջոցառման ֆինանսավորումը սկսվել է ապրիլի 10-ից։