կարևոր
1162 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 11:27

«Լուսավոր Հայաստան»-ի մի քանի նախագծեր չընդգրկվեցին ԱԺ լիագումար նիստերի օրակարգ

«Լուսավոր Հայաստան»-ի մի քանի նախագծեր չընդգրկվեցին ԱԺ լիագումար նիստերի օրակարգ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծերը, որոնք գլխադասային հանձնաժողովներում ստացել էին բացասական եզրակացություն, ԱԺ լիագումար նիստում քվեարկությամբ չընդգրկվեցին օրակարգ: Նախագծերը ներկայացրեց խմբակության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նախաձեռնություններից մեկը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքն էր:

«Օրենսգրքի 1292 հոդվածում սահմանված է, որ ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ վերջին բնակություն է հայտարարել ժառանգատուն, եթե այլ բան սահմանված չէ իր կտակտում: Ժառանգատուն կտակով կարող է սահմանել, որ իր երկրի օրենսդրությունն է կիրառվում իր ժառանգության նկատմամբ: Մենք կանխավարկածը փոխում ենք, սահմանում, որ ժառանգության նկատմամբ կիրառվում է ժառանգատուի քաղաքացիության իրավունքը, եթե այլ բան գրված չէ կտակով: Ըստ էության տրամաբանությունը թողնում ենք, սակայն կանխավարկածն ենք փոխում: Կանխավարկածն ի օգուտ փոխում ենք քաղաքացիության երկրի օրենսդրության: Իսկ եթե անձը ցանկանում է, որ իր վերջին բնակության վայրի օրենսդրությունը կիրառվի, ապա դա կարող է կտակում սահմանվել»,-ասաց Սիմոնյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, քանի որ գործող կարգավորումը լրիվ կրկնվում է նաև ԵՄ փաստաթղթերով և ԱՊՀ կոնվենցիայով: Նա նշեց, որ կոլիզիոն նորմերի տրամաբանությունն այն է, որ բոլոր պետությունները հնարավորինս նույն կանոնը սահմանեն:

Քվեարկությամբ նախագիծը ստացավ 33 «կողմ», 7 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներ՝ չընդրգրկվելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Տարոն Սիմոնյանը ներկայացրեց նաև Քաղաքացիկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մեկ այլ նախագիծ: «Ընտանեկան և քաղաքացիական օրենսդրությունների միջև հակասությունն ենք փորձում հարթել: Ընտանեկան օրենսդրությունով սահմանված է, որ անչափահաս երեխան, եթե ամուսնության նվազագույն տարիքին՝ 16 տարեկանին հասել է, ապա իրավունք ունի, պարտավոր է իր ծնողական իրավունքներն ամբողջությամբ իրականացնել՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը: Դրա օրինակն այն է, որ 16 տարեկան անչափահասը երեխա է ունենում, սակայն չի գտնվում գրանցված ամուսնության մեջ, ընտանեական օրենսդրությունը նրան իրավունք է տալիս ծնողական իրավունքները ամբողջությամբ իրականացնել և դնում է նման պարտավորության տակ: Սակայն Քաղաքացիական օրենսդրությունը գործունակության մեկ հիմք է տալիս՝ 18 տարեկանը լրանալը և երկու հատուկ հիմքեր, երբ անձը 16 տարեկանից աշխատանքի է անցել և ծնողների թույլտվությամբ նա գործունակություն է ձեռք բերել, և երկրորդ հիմքը, երբ նա ամուսնացել է: Սակայն մյուս հիմքը, որը ընտանեկան օրենսդրությամբ տրված է, չկա: Եվ մենք փորձել ենք այդ բացը լրացնել՝ սահմանելով հատուկ 3-րդ հիմքը, երբ անձը ամուսնության նվազագույն տարիքին հասել է, 16 տարեկան է, ունի երեխա, ապա այդ երեխա ունենալու հիմքով դառնում է գործունակ, որպեսզի կարողանա իրացնել ընտանեկան օրենսդրությամբ սահմանված ծնողական իրավունքները»,-ասաց նա:

Պետավիրական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը ներկայացրեց նախագծի բացասական եզրակացությունը, կոչ արեց դեմ քվեարկել: Նա նշեց, որ բոլոր անձինք լրիվ ծավալով գործունակություն են ձեռք բերում ամուսնական տարիքի հասնելու պահից, այսինքն՝ դրա համար անչափահաս ծնող լինել պետք չէ: Քվեարկությամբ նախագիծը ստացավ 24 «կողմ», 66 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներ: